կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 11:55
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում․ կողմ էր ընդամենը 28 պատգամավոր։ Նախագիծը նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը։

Վարման կարգով «Հայաստան»խմբակցությունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ լրամշակված տարբերակը դրվելու է շրջանառության մեջ, և դեկտեմբերի 14–ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Կոնջոյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ կան ներքաղաքական բովանդակություն և ներքաղաքական  պիտակներ հետապնդող ձևակերպումներ։ 

«Այդ հայտարարությունները դուք գրում եք, որպեսզի մենք չընդունենք, ոչ թե ընդունենք»,– ասաց նա և նշեց, որ այն ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող նախագիծ է։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շուրջը, և այսպիսի քննարկումները պետք է ոչ թե ընդդիմությունը, այլ քաղաքական մեծամասնությունը նախաձեռնի։

«Այս հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա»,– հավելեց նա և նշեց, որ նախագծի նպատակն է զերծ պահել գործադիրին ժողովրդի թիկունքում գործողություններ կատարելուց, ինչը վնաս կհասցնի մեր երկրին։