Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննարկումը, որն աշխատանքային էր, լրագրողների շնորհիվ ամպագոռգոռ ստացվեց. խորհրդարանում լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե մեկ տարի առաջ ամպագոռգոռ ներկայացվեց կառավարություն այն ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս երիտասարդ ամուսնական զույգերին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել, իսկ այդ ծրագրի մեկնարկից անցել է տևական ժամանակ, և քար լռություն է:
«Եթե դուք մասնակցություն չունենայիք այդ ծրագրին, դա կլիներ հերթական աշխատանքային քննարկումը»,- ասաց նա՝ հավելելով. «Պետք է ընդունեք, որ դա նախագծի քննարկում է եղել, լսումներ են եղել, և այդ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Սոցիալ-ժողովրդագրական խնդիրների ուղղությամբ կառավարությունը 2017 թվականից նախաձեռնում է համապատասխան ծրագրերի իրականացում: Ամեն ինչ` իր ժամանակին»:
Դիտարկմանը, թե ծրագրի մեկնարկի ժամանակ խոսք չի եղել 2017 թվականի մասին, Ասատրյանը պատասխանեց. «Այն բոլոր ծրագրերին, որոնք քննարկումների փուլում են գտնվում, ես չեմ կարծում, որ որևէ որակավորում տալը ճիշտ է, ի վերջո, ծրագրերը, նախաձեռնությունները, քննարկվում են և հաստատվում, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ, նորմ՝ պարտադիր կատարման ենթակա»:
Ըստ նախարարի` քննարկումները շարունակվում են պետական մարմինների շրջանակներում և նախատեսվում է այդ քննարկումներին մասնակից դարձնել ոչ պետական հատվածի գործընկերներին:
Պատասխանելով հարցին՝ թե վարչապետն իր տեսակետը հայտնե՞լ է այդ ծրագրի վերաբերյալ, Ասատրյանը պատասխանեց. «Այո, ներկայացվել է, նաև վարչապետի հանձնարարականով են այս քննարկումները իրականացվում, այդ թվում` ոչ պետական հատվածի ներկայացուցիչների հետ»:
Հարցին՝ տարվա կեսից հնարավո՞ր է բյուջեից գումարներ հատկացվեն ծրագրի իրականացման համար, Ասատրյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: