Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման գործընթացը:
«Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները»,- նշված է նախագծում:
Ռազմական փորձագետ, պահեստի փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանցը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք ընդունվեց որոշում, որ զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովումը պետք է մասնակիորեն մնա պետության վրա, մինչդեռ գործող օրենքներով պետությունն իր վրայից գցում է պայմանագրային կազմի շարքային, սերժանտական զինծառայողների և ենթասպայական կազմի բնակարանային ապահովման խնդիրների լուծումը:
- Այսինքն՝ նախկինում պետությունն իր վրա պարտավորություն էր վերցնում` ամբողջությամբ լուծել զինծառայողների բնակարանային ապահովման հարցը: Այժմ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական մի փոփոխություն, որով պետությունն իր վրա է վերցնում առանձնահատուկ պայմաններով հիփոթեքային ծրագրի ներդրման պարտավորություն, որի միջոցով զինված ուժերի սպայակազմը կկարողանա արտոնյալ հիփոթեքային պայմաններով բնակարաններ ձեռք բերել: Այստեղ մի կարևոր հարց ընդհանրապես դուրս է մնում քննարկումներից. նախկին օրենքներով պետությունը պարտավորվում էր լուծել բոլոր զինծառայողների բնակարանային ապահովման հարցը, մինչդեռ գործող օրենքներով պետությունն ընդհանրապես իր վրայից մի կողմ է նետում պայմանագրային կազմի շարքային, սերժանտական զինծառայողների և ենթասպայական կազմի բնակարանային ապահովման խնդիրների լուծումը: Բացառապես սպայական կազմի համար էլ ներդրվում է բնակարանների ձեռք բերման հիփոթեքային ծրագիր:
Ծանոթ լինելով այլ երկրներում նմանատիպ հարցի լուծման մոտեցումներին` տպավորություն ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը թերևս աշխարհի միակ պետությունն է, որտեղ զինծառայողներն իրենք են ստիպված լուծել իրենց բնակարանային ապահովման հարցը հիփոթեքային ծրագրերի կամ այլ ինչ-ինչ մեթոդներով: Գրեթե բոլոր երկրներում զինծառայողներին ծառայության ընթացքում պարտադիր կերպով ապահովում են ծառայողական բնակարաններով, իսկ սպայական կազմի համար նախատեսված է բնակարանների անհատույց տրամադրում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելիս՝ անկախ նրանից, թե ծնողներից ինչպիսի ժառանգություն է ստացել:
ՀՀ ԶՈւ բազմաթիվ զինծառայողների անունից կարող եմ հայտարարել, որ նման նախագիծն անմիջապես ուղղված է սպայական կազմի սոցիալական պայմանների կտրուկ վատթարացմանը, քանի որ սպայական կազմն այսուհետ զրկվում է պետության կողմից անհատույց բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունից, և միակ հնարավոր տարբերակը դառնում է ինչ-որ ձևով հիփոթեքային այս ծրագրում ընդգրկվելը: Բայց նաև հիշենք մի կարևոր նորմ՝ զինծառայողներին օրենքն արգելում է այլ վարձատրվող աշխատանքով զբաղվել: Դե, հիմա պատկերացրեք, թե միջինը 250 հազար դրամ աշխատավարձ ստացող սպան, որի կինը չի աշխատում, որովհետև Երևան քաղաքից դուրս հիմնականում աշխատանք չկա տեղացիների համար, կամ նվազագույն գումար է վաստակում, ինչպե՞ս է կարողանալու 15-20 տարի շարունակ կատարել հիփոթեքի վճարումներ, ընտանիքին ապահովել անհրաժեշտ նվազագույնով և ծառայել` չմտածելով այն մասին, որ օրերից մի օր ինչ-որ պատճառով զորացրվելու դեպքում ինչպես է կատարելու վճարումները:
-Եթե կոնկրետացնենք՝ նախագծում ո՞ր կետերն եք հատկապես համարում վիճահարույց կամ մտահոգիչ:
-Նախ՝ չեմ ժխտում, որ կարող են լինել սպաներ, որոնք կցանկանան օգտվել այս ծրագրից, սակայն մտահոգության տեղիք են տալիս մի քանի կարևոր հարցեր: Այն է՝ e-draft.am-ում հասարակական քննարկման դրված նախագծում որոշ կետեր պարունակում են սոցիալական անարդարության, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկեր, դրանցից է սպայի «վճարունակություն» հասկացությունը, որ ցանկացած մարմին կարող է իրեն հարմար կերպով վերլուծել: Ասենք՝ ՊՆ ղեկավարության համար 250 հազար դրամ աշխատավարձի ստացումն արդեն իսկ կարող է համարվել բարձր վճարողականություն, իսկ բանկի կողմից սպայի ընտանիքի անդամների թիվը և ընդհանուր եկամուտի չափը վերլուծելուց հետո համարվի, որ սպան վճարունակ կլինի, եթե ստանա ամենաքիչը 400-450 հազար դրամ աշխատավարձ: Բնավ անհրաժեշտ չէ մասնագիտացված ուսումնասիրություն կատարել՝ ցույց տալու այս հարցի կոռուպցիոն ռիսկայնությունը: Վիճակահանության երևույթը ցանկացած դեպքում սոցիալական անարդարության դրսևորում է, քանի որ հնարավոր մասնակիցները միևնույն ելակետային տվյալներով չեն մոտենալու վիճակահանության արկղին: Երկրորդ՝ սպաների կողմից անընդունելի է այն հանգամանքը, որ զորացրվելուց հետո պետությունը որոշակի տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրելու և այլևս ոչ մի պարտավորություն չի ունենալու շահառուի հանդեպ: Դա առավել ծանր հարված կհասցնի նրանց, ովքեր զինվորական ծառայությունից զորացրվելու են առողջական խնդիրներով և հաշմանդամ դարձած: Կարծում եմ, որ կլինեն դեպքեր, երբ անձինք պարզապես չեն կարողանա կատարել վճարումներ, և մեր բանկային համակարգը ԴԱՀԿ օգնությամբ պարզապես կխլի այդ տները նրանցից, ինչը գուցե օրենքի շրջանակներում կլինի, սակայն ես այն կանվանեմ պարզապես անբարոյական մոտեցում սպաների նկատմամբ:
Կցանկանայի նաև անդրադառնալ այն հարցին, որ հնարավոր է սպայի կինը նույնպես բարձր աշխատավարձով աշխատանք ունենա, և այս դեպքում նրանց ձեռնատու կլինի օգտվել ծրագրից: Բայց իմ ուսումնասիրությունների արդյունքում համոզվել եմ, որ նման դեպքում առավել ձեռնտու տարբերակներ են երիտասարդ ընտանիքներին տրվող հիփոթեքային ծրագրերը, քան թե այս նախագծով առաջարկվողը: Եվ այստեղից էլ հետևություն՝ ավելի շուտ կդիմեն երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման հիփոթեքային ծրագրին, քան «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրին, որի անվանումը վերաբերում է բոլոր զինծառայողներին, բայց իրականում ուղղված է միայն սպայական կազմի խնդիրների լուծմանը:
-Զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման առաջարկներ, տարբերակներ ինքներդ ունե՞ք, այսինքն՝ նախագծին դեմ արտահայտվողները:
-Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է գնահատել իր զինված ուժերի ողջ անձնակազմին և նրանց ծառայության ընթացքում ապահովել համապատասխան բնակարանային պայմաններով, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտերի փոփոխություններով իր վրա պարտավորություն վերցնել` անհատույց բնակարաններ հատկացնել 20 և ավելի տարիներ զինված ուժերում ծառայածներին, առաջին հերթին` այն սպաներին, որոնք ունեն բնակարանային խնդիրներ և հերթագրված են, իսկ նրանց հարցն ամբողջությամբ լուծելուց հետո նաև մնացած բոլորին: Ահա այս հարցը կդառնա այն առանցքային կետը, որը մեր հասարակության մեջ 360 աստիճանով կփոխի վերաբերմունքը դեպի սպայական ծառայությունը:
Քանի որ համոզված եմ, որ պատասխանը լինելու է այն, որ մեր պետությունն այս պահին չունի համապատասխան միջոցներ այդ հարցերը լուծելու համար, ապա կարող եմ նրանց հիշեցնել՝ մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմող երկրի համար իր բանակի մարտունակությունից կարևոր բան չկա: Եթե պետությունը չի կարողանում իր զինծառայողների և նրանց ընտանիքների համար նորմալ սոցիալական պայմաններ ապահովել, ապա ի՞նչ մարտունակության մասին կարելի է խոսել: Ինձ թվում է, որ համապատասխան մարմինները կարող են հայթայթել այդ գումարները, եթե այդպիսի ցանկություն ունենան: Ես համոզված եմ՝ ավելի շատ ցանկության բացակայության հարց է, քան միջոցների:
-Պատրաստվո՞ւմ եք ձեր առաջարկությունները ներկայացնել պաշտպանության նախարարությանը:
-Պաշտպանության նախարարությանը որևէ առաջարկություն կատարելը համարում եմ ժամանակի անիմաստ կորուստ: Մի քանի ամիս առաջ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները մի հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հարցերն այս պահին այնքան էլ գերակա չեն, որ դրանցից առավել կարևոր հարցեր կան: Ինչին ի պատասխան` ես ասացի՝ եթե չունենանք պրոֆեսիոնալ զինծառայողներ, այդ գերակա հարցերը մեզ ոչ մի օգուտ չեն տալու: Սակայն նրանք շարունակեցին նույն կարգով և նույնիսկ հայտարարեցին՝ օրենքով սահմանված պարտավորությունները չեն կատարել և չեն կատարելու, քանի որ դրա համար անհրաժեշտ գումարներ չունեն: Ըստ երևույթին` պարոնայք ուղղակի վստահ են, որ ողջ կյանքը հայրենիքին նվիրած և հայրենիքի համար ծառայած անձինք հերթական անգամ կուլ կգնան հանուն հայրենիքի:
Մարիամ Պետրոսյան