Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, թե «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք կհայտարարեն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին և անկեղծորեն կմտնեն այդ գործընթացի մեջ, ապա հիշեցրել է իրենց համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:
Հանգամանքը, որ Զուրաբյանն այս հայտարարությունն անում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադրառնալու հնարավորության մասին հայտարարության ֆոնին, թափանցիկ կերպով մատնում է ԲՀԿ-ի հետ կրկին գործակցության մեջ մտնելու` ՀԱԿ-ի ցանկությունը կամ ավելի ճիշտ երազանքը:
Այս երկու ուժերը համագործակցության փորձ իսկապես ունեն: Մինչև 2015թ. փետրվարին Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու և ԲՀԿ նախագահի լիազորությունները թողնելու մասին հայտարարությունը, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդդիմադիր եռյակի մաս էին կազմում: Այն ժամանակ, սակայն, ՀԱԿ-ը ոչ մի կերպ չէր ցանկանում ընդունել, որ այդ գործակցության մեջ ոչ թե «ավագ եղբոր» կարգավիճակում է, ինչում խորապես համոզված էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ՝ կրտսեր, եւ իրենք չէ, որ Ծառուկյանին օգտագործում են սեփական պլաններում, այլ վերջինիս ձեռքին իրենք են գործիք հանդիսանում արմատական ընդդիմադիր առաջնորդի իմիջի ձեռք բերման` նրա պլանների համատեքստում: Ամեն ինչ իր տեղն ընկավ քաղաքականությունից Ծառուկյանի մեկուսացումից հետո, երբ ՀԱԿ-ը փաստացի հայտնվեց լուսանցքում՝ կորցնելով իրական քաղաքական գործընթացների վրա ազդելու, քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունից:
Եվ այս իմաստով միանգամայն հասկանալի է, թե ինչու է Զուրաբյանը շտապում, դեռ Ծառուկյանի` ասպարեզ չվերադարձած, նրան կրկին անուղղակիորեն համագործակցության առաջարկ անել: Ծառուկյանն այն միակ գործոնն է, որը կարող է, եկող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ՀԱԿ-ին դուրս բերել ցեխից և նրան փրկել լիարժեք ու անվերադարձ մարգինալացման հեռանկարից: Եվ դրա համար ՀԱԿ-ում պատրաստ են լուրջ զիջումների գնալ:
Նախ՝ ակնարկն այն մասին, որ իրենց նպատակը ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն է, խոսում է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու` տերպետրոսյանական ուտոպիստական գաղափարից հրաժարվելու մասին: Ընտրությունների միջոցով, այն էլ` հերթական, հեղափոխություն չեն անում:
Երկրորդ՝ ՀԱԿ-ը, փաստորեն, պատրաստ է անցնել այն իրողության վրայով, որ Ծառուկյանը ժամանակին ասպարեզից հեռացավ՝ չնայած մինչև վերջ գնալու խոստմանը: Նման երևույթներ նախկինում չհանդուրժող ՀԱԿ-ի ներկայիս ներողամտությունը գալիս է հաստատելու, որ ՀԱԿ-ում, հանուն ԲՀԿ-ի թևերի և Ծառուկյանի քաղաքական կապիտալի հաշվին հաջորդ խորհրդարան անցնելու, նաև պատրաստ են մի կերպ համակերպվել երկրորդ խաղացողի կամ կրտսեր եղբոր կարգավիճակին:
Այս ամենը, պետք է ասել, իրատեսականության դաշտ վերադառնալու և սեփական անկարողությունը, սպառվածությունը խոստովանելու առումով, բավական մեծ «էվոլյուցիա» է ՀԱԿ-ի կողմից: Բայց խնդիրն այն է, որ դա արդեն, կարծես, այլևս ՀԱԿ-ին չի օգնի:
Գևորգ Դարբինյան