Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գապբնակշին», «Նարեկգրադ», «Նարեկ-Դավիթ» ընկերությունների տնօրեն, հայտնի շինարար Գագիկ Պապոյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այս հոդվածը նախատեսում է պատիժ չորսից ութ տարի ժամկետով:
Yerkir.am-ի հետ զրույցում Պապոյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ եթե իր պաշտպանյալը դատապարտվի մինչև 5 տարվա ազատազրկման, սակայն փոխհատուցի բնակիչներին հասցված վնասը, դատարանը հաշվի կառնի նրա տարիքը (60-ն անց) և հնարավոր է համաներման ակտով ազատի նրան պատժի կրումից: Սակայն պետությունն` ի դեմս դատարանի, հակված չէ շինարարին ազատ արձակել. շուրջ մեկ տարի տևած դատաքննությունից հետո դատարանը որոշում է կայացրել Պապոյանի մեղադրանքը փոխել, լրացնել և նրա նկատմամբ նոր` ՀՀ ՔՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրել: Այս հոդվածն առավելագույնը նախատեսում է 4 տարի ազատազրկում, որը եթե գումարվի նախորդի առավելագույն պատժին, կդառնա 12 տարի:
Սակայն պատժաչափն այնքան էլ էական չէ, որքան առաջադրված նոր մեղադրանքը: Նոր մեղադրանքի համաձայն` Պապոյանը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, 2004թ.-ից մինչև 2012թ. փետրվար-մարտ ամիսներին ընկած ժամանակահատվածում կարգադրիչ և վարչատնտեսական լիազորություններն օգտագործել է հիշյալ առևտրային կազմակերպությունների շահերին հակառակ` իր օգտին: Դա, իր հերթին, էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին և առաջացրել ծանր հետևանքներ: Պետության անունից հանդես եկող կազմակերպությունների գործողությունների արդյունքում ոտնահարվել են պետության կողմից երաշխավորված` իրացման գոտու բազմաթիվ բնակիչների և իրավատերերի սեփականության ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքները, դրանով իսկ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, խարխլվել է բնակչության հավատը պետության և վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ: Հետաքրքրական է, որ պետությունը միայն մեկ տարի անց հասկացավ և գիտակցեց, որ իրեն մեծ վնաս է հասցվել:
Հիշեցնենք, որ խաբված գնորդները բազմիցս հայտարարել են, որ այս պատմության իրական մեղավորները բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ շինարար Գագիկ Պապոյանն ընդամենը քավության նոխազ է:
Ինչևէ, բնակիչները փետրվարին Ծիծեռնակաբերդի խճուղի 1 հասցեում գտնվող նորակառույցում կստանան իրենց բնակարանների սեփականության վկայականները, իսկ այս պատմության իրական մեղավորներն այդպես էլ կմնան անպատիժ, սակայն yerkir.am-ը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել թե' այս պատմությունը և թե' դրա հետևանքով հարուցված հիշյալ քրեական գործի քննությունը` դրանց վերաբերյալ նոր, առավել հետաքրքրական մանրամասներ ներկայացնելով: