Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները տանում են զինադադարի ռեժիմն ամրապնդելուն. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Բաքու և Երևան կատարած այցերի հնարավոր հետևանքներին:
Մանոյանի խոսքով` հարցի կարգավորման ուղղությամբ,սակայն, էական քննարկումներ տեղի չեն ունենում: Նա նշեց, որ ամերիկացի համանախագահողը հայտարարել էր, որ դրական է գնահատում Ալիևի այն հայտարարությունը, որը կարգավիճակին էր վերաբերում:
«Ամերիկացի համանախագահողը փաստ է գնահատում` որ այդ հարցը քննարկվում է: Ղարաբաղում շատ է քննարկվել կարգավիճակի հարցը, բայց Ադրբեջանը մշտապես ընդդիմացել է կարգավիճակի մասին խոսելուն: Չնայած սրան՝ հարցի` ըստ էության կարգավորման ուղղությամբ նորություններ չկան»,- ասաց Մանոյանը, ապա հավելեց, որ մինչև տարեվերջ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն, այնքան էլ հավանական չէ, որ կհանդիպեն նաև նախագահները:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ համանախագահների քայլերը նպատակ ունեն հարցը կարգավորել, սակայն չեմ կարծում, որ մենք համանախագահներից կլսենք՝ սա մեղավոր է, նա մեղավոր է: Նրանք վիճակը համեմատում են ապրիլի հետ և ոչ թե խոսում հարցի կարգավորման մասին: Ադրբեջանի կողմից ամեն օր կա զինադադարի խախտում, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է, բայց իրավիճակը համեմատում են ապրիլի հետ: Չափանիշն ապրիլը չէ, զինադադարի պայմանագիրն է և զինադադարի վերահսկելու նոր մեխանիզմների մշակումը»,- ընդգծեց Մանոյանը:
Նա նաև նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի սրել իրավիճակը սահմանին, հայկական կողմն անպայման կտա համարժեք պատասխան: «Հնարավոր է, որ իրավիճակը սրվի: Այնպես չէ, որ պատերազմը վերջացել է, մի օր էլ կարող է պատահել, որ Ադրբեջանի խախտումների պատճառով բռնկումներ լինեն»,- ասաց Մանոյանը՝ օրինակ բերելով` եթե, ասենք, ադրբեջանական կողմը պարբերաբար կիրառի հրթիռներ, հայկական կողմն ինքնըստինքյան պետք է պատասխանի, նրանք էլ գուցե հայկական կողմին պատասխանեն նորից, ինչն էլ կարող է ակամայից սրել իրավիճակը:
Խոսելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապրիլյանի նման հարձակում չի բացառվում, սակայն պետք է հիշել, որ նրանք ստացել են պատասխան և հենց իրենք են վազել Մոսկվա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով: Բանախոսը, սակայն, շեշտեց, որ հայկական կողմն ամեն պարագայում պետք է զգոնությունը պահպանի: Իսկ զինամթերքի ցուցադրությանն էլ անդրադառնալով՝ կարծիք հայտնեց, որ այդ գործողությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունի:
Հարցին` բանակցությունների շարունակման դեպքում ո՞ր փաստաթղթի հիման վրա են բանակցելու՝ Մադրիդյա՞ն, Կազանի՞, թե՞ այլ, Մանոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ փաստաթուղթ կա, որի շուրջ ասելիքը պիտի լինի: Հիմնական սկզբունքներն են բոլորը: Օրվա պայմաններից ելնելով` հնարավոր է մեկ կետի վրա շեշտը դնեն, երկրորդը՝ պակասեցնեն: Այսպես կոչված` լավրովյան առաջարկները, փաստորեն, մնացին օդում, որովհետև այդ մթնոլորտը չկա: Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, հինգ ամիս հետո, երբ հարցի էությունն ուսումնասիրող բանակցությունները սկսվեն, պետք է սկսվեն Լավրովի առաջարկից»: