կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 14:22
Քաղաքական

30-40 հազար դրամ կենսաթոշակով հնարավոր չէ արժանապատիվ ապրել. նախարար

30-40 հազար դրամ կենսաթոշակով հնարավոր չէ արժանապատիվ ապրել. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ առաջիկայում այնպիսի մոտեցումներ են լինելու, որ մեր քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցվեն հնարավորինս շփումներից զերծ պայմաններում, և առցանց դիմումների ձևերին է առավելություն տրվելու: Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը վերջին տարիներին անընդհատ աճել են, հետագայում էլ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու:

«Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես` սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը, որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Եթե ունենանք լրացուցիչ եկամուտներ ու հնարավորություններ, իհարկե, կավելացնենք»,- ասաց նա:

Հարցին, թե թոշակներով ու նպաստներով՝ 30-40 հազար դրամով, հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչի մասին վարչապետն է հայտարարում, Ասատրյանը պատասխանեց, որ այդ գումարով հնարավոր չէ արժանապատիվ ապրել, ապա հավելեց. «Վարչապետի ելույթն ամբողջական էր: Առաջնահերթ խնդիրը տնտեսության ակտիվացումը, ներդրումների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ավելացումն է, որովհետև յուրաքաչյուր տոկոս տնտեսական աճը կոնկրետ ազդեցություն է ունենում աղքատության վրա: Այս առումով` առաջնահերթությունը ներդրումների և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում դրանք նաև անմիջականորեն անդրադառնալու են սոցիալական այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի»: