կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 13:20
Մշակույթ

«Կուզենայի` որևէ նախարար ստանար 50 000 դրամ աշխատավարձ և դրանով փորձեր ապրել»

«Կուզենայի` որևէ նախարար ստանար 50 000 դրամ աշխատավարձ և դրանով փորձեր ապրել»

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հավաստմամբ` ստեղծագործական միություններին այսօր 100 անգամ ավելի քիչ գումար են տալիս, քան նվագախմբերին կամ համույթներին: 

Այսօր, խոսելով մշակույթի նախարարի փոփոխության մասին, Սաթյանը լրագրողներին ասաց, որ հույս ունի` նոր նախարարը կլուծի այս հարցը, քանի որ մշակութային ծրագրերն իրականում իրականացնում են միությունները:

«Ճիշտ է, այսօրվա դարում անհատ արվեստագետը կարող է «Ֆեյսբուք»-ում էլ տեղադրել իր ստեղծագործությունը, սակայն եթե ստեղծագործողի հետևում կա կանգնած միություն, նրան ավելի լուրջ են ընկալում: Միություններին գործելու համար ֆինանսներ են պետք, պետք է ներդրում արվի, որ կարողանանք նաև մենք եկամուտ ստանալ: Կուզենայի` որևէ նախարար ստանար 50 000 դրամ աշխատավարձ և դրանով փորձեր ապրել, որ հասկանար մեզ»,- ասաց Սաթյանը:

Նա նշեց նաև, որ պետք է նաև ճանաչելի դարձնել հայ հեղինակներին, նրանց գործերը: Ըստ Սաթյանի` այս տարիների ընթացքում` մշակույթի նախարարության օրոք, ոչ մի ստեղծագործություն չի գրվել, իսկ մենք հաղթանակող երկիր ենք ու պետպատվերով ներկայացնելու ոչինչ չունենք:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե միությունը պասիվ է մի շարք հարցերում, օրինակ` կարծես խուսափում է կարծիք հայտնելուց, երբ հանրությանը հուզում է որևէ լուրջ խնդիր, ասենք` կոչումների հանձնման հարցը, կամ երբ վերջերս աղմուկ բարձրացվեց «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ, ԿՄ-ն այդպես էլ ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, Սաթյանը պատասխանեց, որ  այդ օրերին Երևանում չէր, թեև մեկ է` Հ1-ն անելու է այն, ինչ ուզում է: