|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Այսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։
«Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել», - ասում էին բնակիչները։
Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։
«Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ», - պատմում էին նրանք։
Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։
«Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա», - նշում էին գյուղացիները։
Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։