կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-19 13:01
Քաղաքական

Կարող է դիմումների տեղատարափ լինել

Կարող է դիմումների տեղատարափ լինել

Քիչ առաջ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` հաստատվեց այն սկզբունքը, որը պնդում էր քաղաքացիական հասարակությունը` կգործի հավաստիության կանխավարկածը:

«Եթե քաղաքացիները ներկայացնում են դիմումներ կրկնաքվեարկության մասին, ապա ընտրական հանձնաժողովները, պետությունը կա՛մ պետք է հերքեն, կա՛մ պետք է դա ընդունեն որպես հավաստի տեղեկություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանության կողմից մտավախություն կա, որ այդ դեպքում կարող է դիմումների տեղատարափ լինել և հնարավոր չլինի դրանք ստուգել ու հերքել:

«Նրանք առաջարկել են, որպես հակակշիռ, նախատեսել քրեական պատասխանատվություն սուտ մատնության համար, որին մենք դեմ չենք, մեր համաձայնագրում /ԸՕ շուրջ քաղաքական ուժերի համաձայնագիր- խմբ./ դա կա»,- ասաց պատգամվորը:

Նրա խոսքով` ամբողջ խնդիրն այն է, որ եթե մարդը մոլորության մեջ է եղել, ապա դա չի կարող հիմք ծառայել սուտ մատնության համար: «Մենք առաջարկում ենք մտցնել «ակնհայտ սուտ մատնություն» արտահայտությունը: Սա նշանակում է` եթե մարդը դիտավորությամբ է սուտ ասում, պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե բարեխղճորեն մոլորության մեջ է եղել, այսինքն` ինչ-որ տեղեկություններ է հայտնել՝ մտածելով, որ դա ճիշտ է, դրա համար նրան չեն կարողանան պատասխանատվության ենթարկել: Դա կլինի լուծումը, եթե «ակնհայտ սուտ մատնություն» տերմինն օգտագործվի»,- ասաց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է այդ հոդվածից հետո ոչ ոք չհայտնի կրկնաքվեարկության մասին, քանի որ մարդիկ կվախենան, որ իրենց կմեղադրեն սուտ մատնության մեջ, Զուրաբյանը նշեց, որ այդպես չի կարծում, և որ միշտ էլ կան մարդիկ, ովքեր ունեն բարձր իրավագիտակցություն և պատրաստ են իրենց քաղաքացիական պարտքը կատարել: