կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 20:02
Տնտեսական

Վարչապետի հարվածը օլիգարխիային. ի՞նչ կփոխի ՊԵԿ նոր նախագահը

Վարչապետի հարվածը օլիգարխիային. ի՞նչ կփոխի ՊԵԿ նոր նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ պաշտոնանկ արվեց Պետեկամուտների կոմիտեի` ընդամենը վեց ամիս առաջ նշանակված նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Այսօր վարչապետ Կարապետյանը ՊԵԿ աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահին՝ հստակեցնելով հարկային և մաքսային ոլորտներում այն հիմնական ուղենիշները, որոնց վրա հիմնված է լինելու առհասարակ նոր կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը:

ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակումը ևս կատարվեց առանցքային երեք սկզբունքի հիման վրա. անձամբ վարչապետի համար անձնական վստահելիություն, պրոֆեսիոնալիզմ և գործադիր իշխանության հնարավորինս ապաօլիգարխացում:  Հարությունյանի նշանակմամբ Կարապետյանն ամբողջացնում է կառավարության տնտեսական բլոկի իր թիմը, որին ակնհայտորեն գործադիրի լոկոմոտիվի դերն է վերապահվելու ոչ միայն և թերևս ոչ այնքան սահմանված ցուցանիշներն ըստ պլանի ապահովելու, որքան նորարարական ռազմավարական և մարտավարական լուծումներով  տնտեսական և բյուջետային քաղաքականության փիլիսոփայությունը նոմենկլատուրայինից ավելի գործարարական դարձնելու համար:

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ՀՀ ֆինանսների երկարակյաց փոխնախարար Պավել Սաֆարյանի պաշտոնանկությունը: Սաֆարյանն ավելի քան 20 տարի առանց չափազանցության հանդիսանում էր վարվող տնտեսական քաղաքականության առանցքային ճարտարապետներից մեկը: Նա այնքան ներդաշնակ էր քարացած տնտեսական համակարգին և այնպիսի խորությամբ գիտեր այդ համակարգի նրբություններն ու դրանում կոնյուկտուրային ու քաղաքական շահերի, ակնկալիքների ներկապնակը, որ ֆինանսատնտեսական բլոկի խաղացողները, նախարարներն իրենք էին հարմարվում նրան: Նման ֆիգուրից ազատվելով, ինչպես նաև պետական եկամուտների հավաքագրման համակարգը գործարար աշխարհի ներկայացուցիչ-կառավարչին վերապահելով՝ վարչապետը ուղերձ է հղում, որ այս ոլորտում մոտեցումներն իսկապես լինելու են նորարական, ոչ ստանդարտ և որ շատ ավելի կարևոր է՝ դրանք փորձելու են բխեցնել ոչ թե քաղաքական, վարչական կոնյուկտուրայի, այլ տնտեսվարողների շահերից:

Որ Կարապետյանին այստեղ լայն ազատություններ են տրվել և նա գործում է վստահության քաղաքական մանդատի հիման վրա, հաստատում է երկու իրողություն: Առաջին՝ երեկ Նյու Յորքում ընթացող՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավմանն ուղղված խոշոր համաժողովի առաջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար»: Կարելի է ասել՝ տնտեսական և հարկաբյուջետային անկախ քաղաքականություն իրականացնելու` Կառավարությանը տրված մանդատը ներկայացվում է որպես ձեռքբերում և արտաքին ներդրողներին հայաստանյան շուկաներ ներգրավելու նախադրյալ:

Երկրորդ՝ ինքնին խոսուն փաստ էր վեցամսյա պաշտոնավարումից հետո ՊԵկ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկությունը: Նա նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից էր, և այդ պաշտոնն ստանձնել էր հենց նրա քվոտայով ու երաշխավորությամբ: Վարչապետը հասկացնում է, որ իր համար անձեռմխելիներ չկան:  

 Սակայն  որքան էլ ակնհայտ լինեն կադրային այս փոխատեղումների նպատակները, էականն այն է, թե որքանով են վերացվելու տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող հիմնական գործոնները:

Հարությունյանին ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելիս վարչապետը երկու հիմնական առաջնահերթություն է նշել: Նախ՝  բյուրոկրատական ու վարչարարական քաշքշուկներից գործարարներին հնարավորինս ազատելն ու հարկային դաշտում գործող բարեխիղճ հարկատուներին չվնասելը, երկրորդ, որն իրավամբ կարելի է շրջադարձային համարել՝ հիմնովին վերանայել ապրանքների ներմուծման ոլորտում «հսկիչ գների» քաղաքականությունը՝ կիրառելով այսպես կոչված վստահելի և անվստահելի երկրներից կատարված ներմուծումների դեպքում ներկայացվող ինվոյսների տարանջատման սկզբունքը: Սրանք իսկապես կարևոր նախաձեռնություններ են, որոնց անհրաժեշտությունը կառավարության առջև գործարարները մշտապես էին բարձրացնում:

Բայց դրանց տնտեսական էֆեկտը համեմատաբար ավելի թույլ է այն հիմնական մարտահրավերների համեմատ, որոնց պատճառով հայաստանյան տնտեսությունը շնչահեղձ է լինում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ոչ ֆորմալ դաշտում գործող արհեստական մենաշնորհներին, որոնց ազդեցությունը մեծ է հատկապես ներմուծման ոլորտում և ուղղակիորեն կապված է առաջին հերթին մաքսային ծառայության կողմից խաղի անհավասար կանոններով գործելու արատավոր երևույթի հետ: Թերևս, տեղին է նշել, որ ՊԵԿ նոր նախագահը եկել է հայաստանյան գազաէներգետիկ շուկայում մոնոպոլ կարգավիճակ ունեցող ընկերությունից: Եվ ուզի թե չուզի, նա խնդիր ունի ապացուցելու, որ չի գործելու այդ ընկերության շահերը քաղաքական մակարդակում պաշտպանելով և չենք ունենալու շահերի բախման երևույթ:

Նոր ՊԵԿ նախագահի երկրորդ հիմնական խնդիրը տնտեսության ստվերային շրջանառության ծավալներն են, որը չի փոխվում խոշոր տնտեսվարողների ու հատկապես ներկրողների շահերի հետևողական պաշտպանության, հովանավորման և այդ շահերին փոքր ու միջին բիզնեսի զոհաբերման պատճառով: Դրանում համոզվելու համար բավարար է ընդամենը հպանցիկ հայացք նետել ամենախոշոր հինգ հարյուր հարկատուների ցուցակի կառուցվածքին:

Կկարողանա՞ նոր ՊԵԿ նախագահը մտնել «գորդյան այս հանգույցի» խորքերը և փորձել քանդել այն: Սա խնդիր է, որը ոչ միայն մասնագիտական ու մենեջերական կարողություններ է պահանջում, այլև քաղաքական կամքի գործադրում: Պետք է հուսալ, որ ՊԵԿ-ի առջև դրված նոր, իսկապես ողջունելի նպատակների առարկայական հաղթահարումը իրական բարեփոխումների սկիզբը կլինի:

Գևորգ Դարբինյան