Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ փակ ռեժիմով հանդիպել էր մոտ հարյուր խոշոր գործարարների հետ: Այսօր կառավարության նիստում ներկայացնելով հանդիպման հիմնական արդյունքները` նա նշել է. «Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ»:
Վարչապետի խոսքը հնչում է` ավելի շատ, որպես վերջնագիր: Կա'մ այսուհետ խոշոր բիզնեսի տերերը սկսում են նորմալ և հավասար պայմաններով վճարել հարկերը, փոխարենը պետությունը նրանց նկատմամբ, այսպես կոչված, հարկային համաներում է կիրառում, կա'մ ստուգումների միջոցով վեր է հանվում ստվերային գործունեության ամբողջ կեղտը, և քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առջև են կանգնում: Չնայած նախկինում ևս նմանատիպ հանդիպումներ եղել են, որոնք ոչինչ չեն փոխել, սակայն ներկայիս վարչապետի օգտագործած տոնը և ոճը նկատելիորեն ավելի կոշտ են և գործնական: Դա թույլ է տալիս լրջորեն կարծելու, որ ստվերային տնտեսության կրճատման անվան ներքո ինչ-որ բան այս փուլում կառավարությունն անելու է, և որ վարչապետի սպառնալիքն այնքան էլ անհիմն չէ:
Դրա համար կա երկու հիմնական պատճառ: Նախ` որքան էլ գործադիրը թաքցնի, ներկայումս բյուջետային միջոցների սղության լրջագույն խնդիր ունի: Գանձարանը դատարկ է: Հարկային և մաքսային հավաքագրումները, որոնք հիմնականում ապահովվում են փոքր և միջին բիզնեսը խեղդամահ անելու միջոցով, պլանավորվածից ցածր մակարդակի են: Ոչ մի կերպ չի հաջողվում դրսից վարկային միջոցներ ստանալ, իսկ հանրային ընդվզման պատճառով կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի ներդրմամբ հասարակությունից գումարներ հավաքագրելու պլանը ձախողվեց: Կառավարությունը հայտնվել է բյուջեի և ծախսերի կրճատման գնալու` խիստ իրատեսական վտանգի առջև: Իրավիճակից ժամանակավորապես դուրս գալու միակ հույսը մնում է որևէ եղանակով խոշոր բիզնեսի կամ օլիգարխիայի ֆինանսական ռեսուրսների մի մասը բյուջե բերելը, ինչն էլ, ահա, ձեռնարկել է վարչապետը:
Երկրորդ` Հովիկ Աբրահամյանը, նման մտրակային քաղաքականություն որդեգրելու տպավորություն թողնելով, օլիգարխիային փորձում է «մուսկուլներ ցուցադրել»` որպես իշխանության պոտենցիալ ժառանգորդ: Սա կարելի է ինչ-որ տեղ համարել իշխանությունն աստիճանաբար իր ձեռքը կենտրոնացնելուն ուղղված քայլ, քանի որ սլաքներն ուղղվել են հենց այն շրջանակին, որը միշտ հանդիսացել ու ներկայումս էլ հանդիսանում է իշխանության հենասյունը և դրա վերարտադրումն ապահովող հիմնական գործիքը: Ստանձնելով այդ շրջանակի համար խաղի նոր կանոններ սահմանողի կարգավիճակը` Աբրահամյանն իրեն վեր է դասում մյուսներից և ստանձնում նրանց կառավարելու գործառույթը: Այս առումներով Հովիկ Աբրահամյանի նոր ձեռնարկին ուղղակի չի կարելի լուրջ չվերաբերվել:
Բայց ողջ հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի դա ստվերային տնտեսությունը կրճատելու, հավասար մրցակցային դաշտ ստեղծելու հետ` ընդհանրապես: Թե' մեկը և թե' մյուսը համակարգային նշանակության խնդիրներ են, հետևաբար, դրանց լուծումն էլ ենթադրում է համակարգային փոփոխություններ: Որպեսզի սա համակարգային փոփոխության վկայություն լիներ, նախ` վարչապետը, կառավարության անդամներն ու պատգամավորները օլիգարխներ չպետք է լինեն: Որովհետև ուղղակի նոնսենս է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մի օլիգարխը հանձնարարում է ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող մյուս օլիգարխին վերահսկել ոչ միայն իրեն և նրան, այլև իրենց եղբայրներին ու խնամիներին: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես է, ասենք, օլիգարխ նախարարը կառավարության նիստում զեկուցում, որ վարչապետի խնամու կամ եղբոր ընկերությունները ոչ թե իրենց բիզնեսի և եկամուտի 90 տոկոսն են հանել ստվերից, այլ` 70, իսկ վարչապետն էլ հրահանգում է, հայտնաբերված խախտումների հետ կապված, գործերն ուղարկել դատախազություն:
Երկրորդ` վարչապետը ոչ թե հայտարարեց համակարգային փոփոխություններ սկսելու մասին, այլ ընդամենը, այսպես կոչված, գործարարների հետ պայմանավորվածությունների գալու: Որ տեսանկյունից էլ դիտարկես, դա հնարավոր է պատկերացնել միայն «տղե'րք, տեղներս նեղ է, գործներս` վատ, ձեր օգնության կարիքն ունենք» պարզունակ տրամաբանության շրջանակում: Իսկ տղերքը, բնականաբար, չօգնելու որևէ պատճառ չունեն: Նախ` ասողը բոլոր դեպքերում իրենց «կռուգից» է, այն էլ` ոչ երկրորդական մեկը, երկրորդ` որևէ մեկն իրենց չի ասել, որ պայմանավորվում են խաղի նոր կանոնները պահպանել հավերժ: Դրա մասին, կարծես, խոսք չի եղել և չէր կարող լինել, որովհետև այս վարչապետը չի կարող երաշխավորել, որ իր հաջորդն այդ պայմանավորվածությունը չի խախտելու կամ «ջրելու»: Այնքանով, որքանով այդ կանոնները զուտ ներքին հանգամանքերի բերումով թելադրված պայմանավորվածությունների արդյունք են, այլ ոչ թե` պետության հարկադրանքի, ցանկացած պահի կարելի է վերանայել կամ վերաձևել` ըստ անհրաժեշտության, քմահաճույքի կամ նախասիրությունների: Նման մոտեցմամբ վարչապետի մակարդակով պարզապես լեգիտիմացվում է վաղուց հայտնի այն իրողությունը, որ խոհանոցային պայմանավորվածություններն օրենքից և պետության առջև պարտավորություններից ավելի արժեքավոր ու ազդեցիկ են:
Ստացվում է, որ պետությունը չկարողացավ դարձի բերել օլիգարխներին, լուծել տնտեսությունը ստվերից հանելու խնդիրը, իսկ ահա Հովիկ Աբրահամյանը, սպիտակ ձիու վրա նստած, ասպետի նման եկավ ու ընդամենը մի ժողովի միջոցով հարցը լուծեց: Եթե խնդիրն այդքան պրիմիտիվ էր, ապա ի՞նչն էր խանգարում, որ Աբրահամյանը նման հավաք անցկացներ ավելի շուտ: Թե՞ դրա համար անպայման պետք էր, որ ոչ թե ԱԺ նախագահի աթոռին նստած լիներ, այլ վարչապետի:
Գևորգ Աղաբաբյան