կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 15:03
Տնտեսական

ՓՄՁ ներկայացուցիչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

ՓՄՁ ներկայացուցիչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան ՓՄՁ շահերը պաշտպանող` Ձեռներեցների կոնֆեդերացիայի անդամները:

Կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք շուրջ 10 գրություն են հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, ողջունել նրա նշանակումը և ցանկացել հանդիպել: «Առ այսօր վարչապետը մեզ հետ չի հանդիպել: Այդ գրություններից երեքը հեռագրով ենք ուղարկել վարչապետին, այսինքն` փոստային»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի` իրենք կարևոր երեք առաջարկությամբ են հանդես եկել: Այսպես`

- բոլոր տոնավաճառներում բարձրացնել աշխատողների իրավական գիտակցությունը, որպեսզի աշխատողները կարողանան մենակ դուրս գալ հզոր դեմքերի դեմ, տվյալ դեպքում` տոնավաճառների ղեկավարների,

- մոնոպոլիաների դեմ պայքարում ներգրավել կոնֆեդերացիան,

- ըստ կառավարության որոշման` բոլոր նախարարություններին կից ստեղծել հասարակական խորհուրդ:

«Կառավարության հովանավորությամբ բոլոր մաքսակետերում պետք է ունենանք ՀԿ ներկայացուցիչներ և օգնենք մեր այն ձեռներեցներին, ովքեր  ապրանքատեսակ են ներկրում: Նրանց դեմ պայքարում են մոնոպոլիաները` բոլոր միջոցներով: Առանց վարչապետի հովանավորության` գնալ, բախվել այդ հզոր ուժերի հետ` վտանգավոր է: Պահանջում ենք, որ վարչապետը հետևողական լինի և ստիպի բոլոր նախարարներին, որպեսզի այդ խորհուրդները ստեղծվեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ինքը գրություն է հղել հանրապետության նախագահին, տասնյակ գրություններ են հղել վարչապետին, բայց դրանք անպատասխան են մնացել:

Ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահը նշեց, որ 2 օրից լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ ամիսը: «Բայց ես չեմ սպասելու` հարյուր օր անցնի, որ հայտարարեմ` դժգոհ եմ վարչապետից: Մենք պարոն վարչապետին անվստահություն ենք հայտնում, նա անվստահելի է»,- ասաց նա` հավելելով` եթե նա կարողացավ բոլոր ոլորտների հետ հանդիպումներ ունենալ, իսկ այսօր ՓՄՁ-ից բոլորն են խոսում, վերջը ՓՄՁ ներկայացուցիչներին ո՞վ  է ընդունելու:

Հովհաննիսյանի խոսքով` վարչապետին խոչընդոտողը համակարգն է, այն համակարգը, որ տարիներ շարունակ ստեղծվել է մեր երկրում: «Պետք է վարչապետին բաց թողնել, որպեսզի նա ինքնուրույն կարողանա կառավարել, հրավիրել մասնագետների և բան փոխի: Նա խոսում է համարձակ քայլերից, նոր կյանք կառուցելուց, բայց նրա ձեռքերը տարիների ընթացքում ստեղծված այս համակարգը կապել է: Դրա համար մենք պարզապես անվստահություն ենք հայտնում և չենք հավատում նրան, բոլորս էլ չենք հավատում»,- եզրափակեց նա: