կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 19:10
Հասարակություն

Հայաստանի հյուսիսը հարավին կապող այս մայրուղին պետք է կառուցվի բարձր որակով. տրանսպորտի նախարար

Հայաստանի հյուսիսը հարավին կապող այս մայրուղին պետք է կառուցվի բարձր որակով. տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ - Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքների տեղամաս։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունից։
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին ներկայացնելով  իրականացվող աշխատանքները` նշել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, մեկ ժամում փռվում է մինչև 50մ ճանապարհի բետոնյա պատվածք։
Ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության  աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչն էլ նախարարին տեղեկացրել է, որ մինչև բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքները՝ բետոնի որակի հետ կապված համապատասխան փորձարկումներ են  արվել։ Դրանից  հետո միայն  կապալառուն՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, գործարկել է բետոն տեղադրող մեքենան՝ սկիզբ դնելով բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին:
Տեղում  ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարարը մեկ անգամ ևս կարևորել է կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող այս մայրուղին պետք է կառուցվի բարձր որակով՝ համապատասխանելով նմանատիպ ճանապարհների համար նախատեսված միջազգային բոլոր չափորոշիչներին։

Հիմքի տեղադրման, ինչպես նաև բետոնփռիչի միջոցով բետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներն այս տեղամասում մեկնարկել են սեպտեմբերի 30-ին՝ Երևան - Գյումրի մայրուղու 53-րդ կիլոմետրից:
Զուգահեռաբար, ճանապարհի այլ հատվածներում, կապալառու «Իզոլյուքս Կորսան» կազմակերպությունը շարունակում է իրականացնել ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները։ Ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները:
«Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին, որոնք կազմում են 180 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախատեսվում վերանորոգումից հետո Աշտարակ - Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը փոխարինել քառաշարքով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված՝ շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ: