կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 12:19
Առանց Կատեգորիա

Երեք վատ եւ երկու լավ լուր՝ Գյումրիից

Երեք վատ եւ երկու լավ լուր՝ Գյումրիից

Բացառությամբ մի քանի` եզակի դեպքերի, կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ոչ մի գերեզմանոցի պահակ հայտարարություն չի տարածել, որ իր հսկողության տակ գտնվող գերեզմանոցից հանգուցյալների մասսայական փախուստ է արձանագրվել: Սա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր բոլոր հանգուցյալներն իրենց տեղերում են եղել եւ, կրկնում եմ, բացառությամբ եզակի դեպքերի, կիրակի օրվա ընտրություններին չեն մասնակցել: Սա նշանակում է, որ ընտրել են ողջերը:

Այս համատեքստում ամենեւին էլ զարմանալի չէ, որ, օրինակ, Գյումրիում հաղթել է Բալասանյանի ճակատը, ավելի ճիշտ՝ դաշինքը, եւ շուտով հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ կընտրվի Սամվել Բալասանյանը: Սա զարմանալի չէ, քանի որ գյումրեցիներն այնքան ցավ ու դարդ են տեսել, որ նրանց համար ժամանակին վճարված աշխատավարձն արդեն իսկ երջանկությունից հինգ պակաս է, իսկ ոմանց պարագայում՝ անգամ հինգն անց: Հիշեցնեմ, որ հենց Բալասանյանն է այն քաղաքապետը, որի օրոք գյումրեցիները սկսել են ժամանակին ստանալ իրենց աշխատավարձերը: Անգամ ըստ ՄԱԿ-ի «Տարայ-նայ-նամ» զեկույցի` նման հաջողությամբ չեն կարող պարծենալ Քաբուլի քաղաքապետը, Իսլամաբադի քաղաքապետը, նույնիսկ` Դամասկոսի եւ Կահիրեի քաղաքապետերը, ավելին` Կիեւի քաղաքապետ Կլիչկոն պատրաստվում է մոտ օրերս այցելել Գյումրի եւ տեղում ծանոթանալ Բալասանյանի այն հանճարեղ ծրագրին, որի արդյունքում գյումրեցիների աշխատավարձերը սկսել են տալ ժամանակին: Ինչեւէ: Սա կարեւոր չէ, եւ սա հասկանալի է:

Անհասկանալին հետեւյալն է` ինչո՞ւ եւ ինչպե՞ս են գյումրեցիները, հիշեցնեմ` բացի եզակի դեպքերից, ողջ գյումրեցիները գնացել եւ ընտրել ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը վերջին հազարամյակում Գյումրիում ի՞նչ է արել: Հովհաննես Մարգարյա՞նը, դե, այո, նա գյումրեցի է, բայց արդյո՞ք նրա, նրա ընտանիքի անդամների, բարեկամների, ծանոթների, ընկերների, մտերիմների ձայները բավարար են, որպեսզի ՕԵԿ-ը 4 հոգով մտնի Գյումրու քաղաքապետարան եւ զբաղեցնի ավագանու ընդհանուր՝ 33  տեղերից 4-ը: Գուցե բավարար է եղել, չի բացառվում, որ պարոն Հովհաննես Մարգարյանը հարազատ քաղաքում բավարար չափով հարգանք, պատիվ ունի, բայց, կներեք, դրանից հարցը չի կորչում` ի՞նչ է արել ՕԵԿ-ը Գյումրիում վերջին հազարամյակում… Հարցի բարդությունից ելնելով՝ այն համարենք հռետորական: Բայց, որպեսզի մտածելու ավելի շատ բան լինի, մեկ այլ, կրկին հռետորական հարց տամ՝ ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է ուզում այն մարդը, ով գնում է ընտրության եւ ընտրում է ՕԵԿ-ին… Ուզում է վերածնվե՞լ…

Կոնկրետ Գյումրու ընտրություններն առանձնահատուկ էին մեկ այլ, շատ ավելի կարեւոր հանգամանքով` հանրապետության երկրորդ, իսկ խաշի սիրահարների առումով՝ առաջին քաղաքն այլեւս ընդդիմադիր չէ: Մարդիկ, ովքեր քաղաքում են եղել, գնացել են եւ ընտրել իշխանության թեկնածուին: Սփոփանքն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չի եղել, քաղաքում չի ապրում, հետեւաբար` գյումրեցիների մեծամասնությունը չէ, որ ընտրել է Սամվել Բալասանյանին: Եվ եթե այս մարդկանց գումարենք նաեւ ընտրություններին չմասնակցած հանգուցյալների մեծ մասին, ստացվում է, որ Բալասանյանը, բացի ժամանակին վճարված աշխատավարձերից, ունի մեկ այլ պարծենալու բան` կարողացել է Գյումրիում պահել նրանց, ովքեր իր կողմնակիցներն են եւ ընտրություններին ընտրում են Բալասանյանին: Հենց նրանց էլ, հավանաբար, պարոն քաղաքապետը ժամանակին աշխատավարձ է վճարում, հակառակ պարագայում` հազիվ, թե ընտրեին:

Մի խոսքով` կիրակի օրվա` կոնկրետ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին երկու լավ, երեք վատ բան: Վատերից առաջինն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չէ, հաջորդ վատն այն է, որ ավագանիում մեծամասնությունը լինելու են Բալասանյանենք, եւ երրորդ վատն այն է, որ Գյումրիում շատ մարդիկ կան, ովքեր այս տարի չեն հասցրել մուրաբա փակել, իսկ, առանց մուրաբայի, ժողովուրդն, ինչպես գիտենք, վերածնունդ չի ապրում:

Լավերից առաջինն էլ այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը, ի վերջո, չի ընտրել Բալասանյանին, քանի որ ընտրություններին չի մասնակցել, եւ երկրորդն լավն էլ այն է, որ հանգուցյալներն այս ընտրությունների հետ կապ չունեին: Չնայած գուցե այս վերջինը ոչ թե լավ է, այլ՝ վատ, քանի որ ստացվում է, որ ողջերն են ընտրել, ավելի ճիշտ, ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է ասում՝ մունդռել:

Հովիկ Աֆյան