կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-21 20:00
Հասարակություն

Հայ դատի հանձնախումբը քննադատում է Օբամայի ուղերձը` ՀՀ նախագահին ուղղված

Հայ դատի հանձնախումբը քննադատում է Օբամայի ուղերձը` ՀՀ նախագահին ուղղված

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձը: Օբամայի նամակը քննադատող հայտարարությունը հանձնախումբը տեղադրել է Facebook-ի էջում:

 «Սպիտակ տունը հրապարակել է մեծահոգի, բայց մեծ մասամբ ընդհանրական նամակ՝ ուղղված Հայաստանի նախագահին: Դրական տեսանկյունից՝ նամակում նշվում է Երևանի «արձագանքը սիրիացի փախստականների ճգնաժամին և ներդրումը համաշխարհային խաղաղարար գործողություններում ու միջուկային անվտանգության հարցում»: Նամակը նաև ուշագրավ է այն բանի համար, թե ինչ է այնտեղ բացթողնված, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

 Նշվում է նաեւ, որ նամակը չի անդրադառնում նաև հայ-թուրքական արձանագրություններին:

«Նայելով հետ՝ պարզ է, որ նախագահը, ապահովելով Հայաստանի աջակցությունն այս անշրջահայացորեն թերի (և այժմ ակնհայտորեն ձախողված) համաձայնագրին իր առաջին ժամկետի առաջին ամիսներին, երբեք Անկարայի առջև պատասխանատվության հարց չդրեց Հայաստանի անօրինական շրջափակումը վերացնելու մասին համաձայնությունից հրաժարվելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

 Նշվում է նաև, որ նամակում չի հիշատակվում նաև Արցախը, որն Ադրբեջանի ապրիլյան հարձակման համատեքստում կորցրած հնարավորություն է Բաքվի ագրեսիան դատապարտելու և խաղաղության պահպանման մասին պնդելու համար: «Լռությունը վտանգավոր ազդանշան է ուղարկում Ալիևի ռեժիմին»,- նշված է հաղորդագրությունում: