կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-09 16:50
Քաղաքական

Եկեք դրական տրամադրվենք. Ռուբեն Հակոբյան

Եկեք դրական տրամադրվենք. Ռուբեն Հակոբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբեն Հակոբյանը անդրադարձան վարչապետի հրաժարականին:

Ըստ Արզումանյանի` սա հերթական փոփոխությունն է, որը, Աստված տա, սխալ չլինի: «Բոլորն էլ պաշտոնը ստանձնելիս ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի կառավարության կազմը»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանն էլ, խոսելով նոր վարչապետի մասին, ասաց, որ որևէ մեկով գայթակղված չեն, որ հավատան, թե նոր վարչապետը կգա ու ամեն ինչ կփոխի: Սակայն Կարեն Կարապետյանի մասին դրական կարծիք ունեն:

«Քաղաքական մեծամասնության եւ ոչ իշխանական ուժերի մեջ կա մեծ ներուժ, և  եթե տեսնեն դրական տեղաշարժ կա, կա  նոր շունչ, նոր ծրագիր, վստահ եմ՝ կկարողանանք թիկունք կանգնել, ով ուզում է վարչապետ լինի»,- ասաց նա:

Հակոբյանը չի ուզում կանխավ բացասական սպասումներ ունենալ, հակառակը` հակված է հույսով հետևել, թե ինչ դրական տեղաշարժեր կիրականացնի նոր վարչապետը:  «Չեմ ուզում գնահատական տալ, բայց որովհետեւ միշտ ուզում ենք, որ լավ բան կատարվի, մենք կցանկանանք, որ դա լինի: Կանխավ գնահատելը գտնում եմ, որ ճիշտ չէ: Եթե այդ ընկալումը չկա` Կարեն Կարապետյանը ինչո՞ւ պիտի գա, հասնի այստեղ, այն դեպքում, երբ իր համար Մոսկվայում ամեն ինչ լավ էր, եթե իսկապես նոր ծրագրով եկած չլինի, որտեղ պետք է նոր էջ բացվի, ուրեմն ամեն ինչ իզուր է: Եկեք դրական տրամադրվենք, ասենք, որ լավ կլինի: Մտածենք, որ թիմն իսկապես գիտակցում է, որ այլեւս պետք է արմատական փոփոխություններ կատարվեն, եւ պատրաստվենք անհրաժեշտության դեպքում օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պետության մեջ վիճակ փոխել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: