Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունհը հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին աջակցելու դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու հավաստիքներ կամ խոստումներ։ Առանձին դեպքերում արվում են պնդումներ առ այն, որ վերջին տարիներին հատկապես համայնքապետերի ներգրավմամբ քննվող քրեական գործերն ունեն քաղաքական երանգավորում և իրենք ունեն փաստեր, որոնց մասին չեն հայտնում անձանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով։
Այս առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
1. Շատ հստակ է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով:
Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից այլևայլ (այդ թվում՝ քաղաքական) նպատակներով քրեական հետապնդումների դադարեցման մասին խոստումներ տալն ինքնին քրեորեն հետապնդելի արարք է։ Ինչպես ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այնպես էլ նման հնարավոր խոստումներ ստացող քաղաքացիներին կոչ ենք անում նման դրսևորումների առերեսվելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ դատախազությանը։ Ստանձնելով ընտրություների օրինականության ապահովման առաքելությունը՝ Դատախազությունը երաշխավորում է այդ անձանց իրավունքների և անվտանգության լիարարժեք պաշտպանությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ կապահովվի նման արարքներ թույլ տվող պաշտոնատար անձանց գործողություններին իրավական անաչառ գնահատական տալն ու քրեական պատասխանատվության ենթարկումը։ Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ հանցագործության փաստի մասին տեղեկացված լինելը և այդ մասին սահմանված ընթացակարգով իրավապահ մարմիններին չհայտնելը ոչ միայն արգահատելի է, այլ նաև հանցավոր անգործություն է և հեռու է քաղաքացիական կեցվածքից։
3. Անհասկանալի և անթույլատրելի է քրեական գործերի, հետապնդումների քաղաքականացվածության մասին ապրիորի նման պնդումներ անել՝ առանց ակնհայտորեն տեղյակ լինելու այդ գործերի հիմքը կազմող փաստակազմի և ապացուցողական բազայի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում նման պնդումներն առավելապես կարող են ընկալվել որպես ինքնին քրեական հետապնդումներից ազատելու թաքնված խոստում կամ ուղերձ, ինչն անթույլատրելի է։
Ի վերջո, օրինական, ժողովրդավարական և հանցավոր ընտրախախտումներից զերծ ընտրությունների անցկացումը յուրաքանչյուր քաղաքացու, ընտրություներին մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտի խնդիրն է», - ասված է հայտարարությունում։