կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 19:40
Հասարակություն

Որսկան ախպերները եւ նրանց խաղերը

Որսկան ախպերները եւ նրանց խաղերը

Օգոստոսի 20-ին մեկնարկել է սիրողական որսի հերթական շրջանը, որսորդները եւս մեկ անգամ հնարավորություն են ստացել ոչ միայն որս անելու, այլև որսահանդակներ համարվող` հացահատիկային կուլտուրաների դաշտերը ոտնակոխ անելու:

Ըստ վիճակագրության`  Հայաստանում հաշվառված է ավելի քան 25 հազար որսորդ (այդ թվում`  ձկնորսները): Նրանց մեծ մասը, իհարկե, դուրս չի գալիս որսի, իսկ նրանք, ովքեր դուրս են գալիս, որոշ առումներով չեն տիրապետում որսորդական կուլտուրային, որսահանդակները չեն տարբերում գյուղատնտեսական հողատարածքներից եւ շատ հաճախ գործունեություն ծավալում հացահատիկային մշակաբույսերի արտերում, բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքներում:

Yerkir.am-ին  հողագործների տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ, օրինակ, լորի որսն իրականացվում է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի հացահատիկային կուլտուրաների` դեռեւս չհնձված դաշտերում:

Մեզ հետ զրույցում գյուղացիները  դժգոհեցին, որ ամեն տարի նման խնդրի առաջ են կանգնում, որը լուծելը դարձել է անհնար: «Ով ոնց ուզի, որտեղ ուզի քշում է իր մեքենան ու վնասում ցորենի դաշտերը: Արդեն անհնար է դրա դեմ պայքարել, սաղ արտերի հերն անիծում են»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց գյուղացիներից մեկը:

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ ահազանգն արդեն իսկ ստացել են, եւ տեսուչները եղել են տվյալ տարածքում, սակայն այստեղ ոչ միայն իրենց, այլ նաեւ սեփականատերերի ու համայնքի գործը պետք է լինի, որ նման դեպքերում տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:

 Դեռեւս 2009 թվականին ՀՀ բնապահպանության նախարարի` «Որսի կանոնները հաստատելու մասին» (http://www.arlis.am/documentview.aspx?docID=49524)  հրամանի 2-րդ գլխի  11-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` որսը, ըստ ՀՀ օրենսդրության, չի կարող իրականացվել  գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը:

Հիշեցնենք, որ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի՝  «Որսորդական տնտեսության ստեղծումը եւ լուծարումը»,  5-րդ կետը նշում է, որ որսահանդակները կարող են հիմնադրվել պետության եւ համայնքային  սեփականություն համարվող հողամասերում,  որոնք որսորդական տնտեսություն կազմակերպելու համար հատկացվում են վարձակալության եւ կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով:

Նույն հոդվածի 7-րդ կետը հիշեցնում է, որ պետության եւ համայնքների սեփականություն համարվող հողամասերի մրցույթում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր, իսկ 8-րդ կետի համաձայն` որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում` ՀՀ  քաղաքացիական օրենսգրքով սահմանված  կարգով, սույն օրենքի պահանջներին համապատասխան, որի դեպքում հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի հետ` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` պետք է նախ սահմանազատել տարածքը, տեղադրել ցուցանակներ, վահանակներ եւ ուղեփակոցներ, որպեսզի որսորդները իմանան իրենց միջոցառման իրականացման տարածքները:

Քաղսիի գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ իրենք նման պայմանագիր ոչ մեկի հետ չեն կնքել, այսինքն` ստացվում է, որ այդ տարածքներում որսորդություն իրականացնելը թույլատրված չէ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ գործադիրը վերջին նիստում  հաստատել է «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների)» պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը եւ որսահանդակների ցանկը, որտեղ մանրամասնորեն նշված է, թե որ մարզում թվով քանի որսահանդակներ գոյություն ունեն, եւ որ որսահանդակում որսի ենթակա ինչ կաթնասուներ եւ թռչուններ են բնակվում:

Նույն կարգի 6-րդ կետի համաձայն` որսահանդակներում իրավաբանական (բացառությամբ համայնքների) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողերում որսը պետք է իրականացվի սեփականատերերի համաձայնությամբ, իսկ կարգը խախտելու դեպքում օրինախախտները կկրեն պատասխանատվություն:

 Ինչպես դառնալ «որսկան ախպեր»

 «Որսի եւ որսորդական տնտեսությունների» մասին ՀՀ օրենքի համաձայն` հանրապետության` 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ որսորդ, զենք ձեռք բերել ու կրել` համապատասխան  դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանություն: Ստանալով թույլտվություն եւ դառնալով որսմիության անդամ` յուրաքանչյուր որսորդ տարեկան պարտավոր է, որպես անդամավճար, մուծել 1000 դրամ, որի դիմաց միությունները պարտավոր են

որսորդներին ապահովել զենքով, զինամթերքով, որսորդական տարատեսակ պարագաներով, ինչպես եւ շներով:

Որսորդություն` օրինական

ՀՀ կառավարության` 2003 թվականի թիվ 884 որոշմամբ` սիրողական որսի ենթակա կենդանիների ցանկում ընդգրկված է 60 անուն կենդանի, այդ թվում` կաթնասուններ, ձկներ եւ թռչուններ: Ամեն տարի, մինչ ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանը, նախ կատարվում է  մոնիտորինգ եւ նոր թվեր են նշվում հրամանի մեջ:

Սիրողական որսի շրջանն այս անգամ  որոշ տեսակների համար կտեւի մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը: ՀՀ բնապահպանության նախարարի համապատասախան հրամանով` որսահանդակներում, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը թույլատրվում է որսալ լոր (10 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), արտույտ (դաշտային, տափաստանային, 5 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), սարյակ (սովորական, 10 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ, 5 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում): Oգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը թույլատրվում է որսալ աղավնիներ (թխակապույտ և անտառային, 5 հատից ոչ ավելի` յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում): Սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը որսորդները կորսան կտցարներ, բացառությամբ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածների: Քարակաքավների որսը կտեւի երկու ամիս՝  նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Աղվես որսալ կթույլատրվի երեք ամիս, ընդ որում` յուրաքանչյուր որսի ժամանակ` երկու առանձնյակ:

Նոր որսաշրջանի վերաբերյալ համապատասխան հրամանով թույլատրվել է անսահմանափակ որսալ գայլեր, շնագայլեր, կաչաղակներ եւ մոխրագույն ագռավներ` դրանց թվաքանակը նվազեցնելու նպատակով:  

Որսի օրինականության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու պարտականությունը մեր երկրում դրված է բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության վրա, որն էլ ունի վերահսկողական եւ պատժամիջոցներ կիրառելու համապատասխան գործառույթները:

Սակայն վերահսկողությունը բավական լուրջ դժվարություններ ունի, որովհետեւ հազարավոր որսորդների չեն կարող վերահսկել քիչ թվով տեսուչներ: Այնուամենայնիվ, նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք պատրաստակամ են օպերատիվորեն արձագանքել  բնակչության` խախտումների վերաբերյալ ահազանգերին:

Գալուստ Նանյան