կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 16:00
Առանց Կատեգորիա

Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա

Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա

Երբ Տիգրան Նաղդալյանին հեռացրեցին ՀՅԴ կուսակցության շարքերից, շատերը, այդ թվում` նաև ես, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Տիգրանը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Հավաքեց իրերը ՀՅԴ ՄՏԿ-ից (Մամլո տեղեկատվական կենտրոն), որն այն ժամանակ գտնվում էր Մյասնիկյան 2 հասցեում, և սուսուփուս հեռացավ: Հեռացավ` ոչինչ չասելով, ոչ ոքի չմեղադրելով, չարդարանալով: Չփորձեց անգամ վիճարկել իր հեռացման հարցը: Մի քանի օր հետո նա հիմնադրեց «Փաստ» լրատվական գործակալությունը:

Անցան տարիներ: Տիգրան Նաղդալյանը նշանակվեց Հայաստանի ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն, իսկ մի քանի տարի անց նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Հեռացված լինելով ՀՅԴ-ից` նա երբեք այդ կուսակցության դեմ չգործեց, չարտահայտվեց, ինչո՞ւ: Որովհետև նա ՀՅԴ-ն լավ էր ճանաչում, ներսից գիտեր, գիտեր անցած ուղին, պատմությունը, գաղափարախոսությունը, որն ինքը անվերապահորեն ընդունում էր: Նա, դադարելով լինել կուսակցական, մնաց Դաշնակցական: Ես դա լավ գիտեի, և եթե շատերի համար անակնկալ էր նրա հարցազրույցը «TV ալիք» թերթին, ինձ համար այնտեղ հնչած միտքերը նորություն չէին: «TV ալիք»-ի լրագրողի այն հարցին, թե Հայաստանում գործող ո՞ր կուսակցությանն է համակրում, իսկ այն ժամանակ արդեն ՀՀԿ-ն ձիու վրա էր, Տիգրանը հարցին հարցով էր պատասխանել` ասելով. «Իսկ Հայաստանում, բացի ՀՅԴ-ից, այլ կուսակցություն կա՞»: Ասել էր և ավելացրել, որ իր համար միակ կուսակցությունը մնում է ՀՅԴ-ն: Իրոք, շատերի համար այդ հարցազրույցը անակնկալ էր, նույնիսկ` նրան հեռացնողների համար: Ի տարբերություն ՀՅԴ-ից շատ հեռացվածների, Տիգրանն այլ կուսակցության անդամ չդարձավ, նոր կուսակցություն չհիմնեց….Մնաց այնպիսին, ինչպիսին էր:

Նրա և Վահան Հովհաննիսյանի մտերմությունը, և ոչ միայն Վահանի, շատերի համար գուցե անհասկանալի էր, բայց նաև օրինաչափ էր: Երկուսն էլ չէին սիրում քծնանքը, երկուսն էլ գրագետ էին, կարդացած, գիտելիքներով զինված, երկուսն էլ խարիզմատիկ կերպարներ էին՝ հումորով լեցուն, սուր մտքով և հատկապես` իրենց շիտակախոսությամբ... Երկուսն էլ այնքան կային, որ նրանց էին քծնում, ինչը, բնականաբար, երկուսի համար էլ անընդունելի էր: Ահավոր չէին սիրում քծնողներին, ինչը մեր օրերում արդեն դարձել է օրինաչափություն:

Տիգրանն իր տեղում էր Վահան, Վահանը՝ իր տեղում Տիգրան: Երկուսն էլ անփոխարինելի կերպարներ էին, որ այսօր և դեռ շատ երկար փնտրելու ենք ու չենք գտնելու: Տիգրանի սպանությունից հետո Վահանը միշտ հիշում էր Տիգրանի ծնողներին: Հիշում եմ, երբ մի անգամ մարտի 8-ին ընկերներով այցելել էինք Տիգրանի մորը՝ տիկին Մարգոյին, հնչեց դռան զանգը: Այցելուն «Բրաբիոն» ծաղկի սրահից էր: Վահանը ծաղկեփունջ էր ուղարկել որդեկորույս մորը, իր ընկերոջ մորը: Այդ օրը տիկին Մարգոյից պետք է իմանայինք, որ Վահանը հաճախ է իրեն հիշում, այցելում: Այդպիսին էր Վահանը, ընկերոջ համար հոգի կտար: Վահանն անշահախնդիր ընկեր էր` առանց հետին մտքերի: Այդպիսին էր նաև Տիգրանը: Աստված իմ, հիմա երբ փորձում եմ համեմատություններ գտնել նրանց կերպարներում և տեսնում եմ, թե ինչ ընկերներ եմ կորցրել, ապրելս չի գալիս:

Երբ ձերբակալվեցի, Տիգրանն ամեն վայրկյան ընտանիքիս կողքին էր: Ես այնտեղ՝ խցում, վստահ էի` քանի դեռ Տիգրանին չէին հասել, ընտանիքիս ֆիզիկական գոյությունը ապահովված է: Մեկուսացված լինելով հասարակությունից, դատապաշտպանից, զրկված լինելով մամուլին ծանոթանալու հնարավորությունից, հետո պետք է իմանայի, թե Վահանը որքան ջանք է գործադրել ինձ համար, ինչ ապրումներ է ունեցել և ինչպես է հետևողականորեն հետևել ողջ գործընթացին: Երբ ազատվեցի և դուրս եկա, առաջինը դիմավորեց Տիգրանը: Փաթաթվեցինք, և երկուսիս աչքերն էլ թրջվեցին: Ուրախությունից լացում էինք ու դողում: Իսկ  այդ ընթացքում նա արդարության հաղթանակի համար նույնիսկ հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի նախագահին: Հիմա շատերը կասեն, թե հրաժարականի պատճառն այլ էր, բայց ես հո գիտեմ այդ դեպքերի և դժգույն ժամանակի շերտերը: Գտեք, փորձեք գտնել այսօրվա պաշտոնյաներից գոնե մեկին, ով իր ընկերոջ համար կգնա նման զոհողությունների: Դեմ կգնա նույնիսկ երկրի առաջին դեմքին՝ հանուն ճշմարտության, հանուն ընկերոջ փրկության: Վստահ եմ, չեք գտնի: Չկա:

2001թ. հունվարի 2-ն էր: Ահավոր չեմ սիրում Նոր տարվա սեղանները, անիմաստ գինարբուքը: Փակվել էի ննջասենյակում, գիրք էի կարդում: Կինս ձայնեց, թե` արի, հյուրեր ունենք: Փնթփնթալով դուրս եկա սենյակից ու մեկ էլ տեսնեմ` ո՞վ: Վահանը եկել էր Նոր տարիս շնորհավորելու: Երբեք իմ տանը չէր եղել, տանս տեղն էլ չգիտեր, բայց, հարցուփորձ անելով, եկել, գտել էր: Այդ երեկո շատ համով նստեցինք: Խոսեցինք կանանցից, գինուց, գրականությունից: Էլ ինչի՞ց պետք է խոսեինք: Նրա հետ միայն նստելն ու նրան լսելը արդեն հաճույք էր: Ամեն ինչից տեղյակ էր, ամեն ինչ գիտեր: Երբ իմացավ, որ կարդում էի, ասաց. «Ապրես, Ջե\'մս, ես էլ եթե չկարդամ, չեմ քնի»: Այդ օրը պարզեցի, որ, հակառակ իր բազմազբաղվածությանը, Վահանը քնելուց առաջ անպայման կարդում է: Տիգրանը, բազմազբաղ լինելով հանդերձ, ստեղծագործում էր, նաև հրաշալի թարգմանություններ անում: Վահանը հետո գրեց իր հայտնի «Մանդիլիոնը»:

Այսպիսին էին իմ ընկերները, որ այսօր կողքիս չեն: Ես լավ ընկերների պակաս չունեմ, ամեն մեկը յուրովի են և հաճելիորեն տարբեր: Վահանն ու Տիգրանն էլ տարբեր էին, շատ տարբեր և շատ յուրօրինակ: Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, (Բիլ Գեյթսը գլուխը պատովը կտար), առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա: Աստված ձեր հոգիները լուսավորի: Ուզում եմ ասել, դժվար է առանց ձեզ, տղե\'րք: Շատ դժվար է, նաև՝ դատարկ…. Կտեսնվենք: 

Հարություն Հարությունյան