Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Նախարարը նշեց, որ սա հերթական քննարկումն է` նոր ուսումնական տարվանն ընդառաջ. յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին սկսվում են օգոստոսյան քննարկումները: Բարձրացված հարցադրումները հիմնականում նույնն են` ի՞նչ խնդիրներ ունեն ուսումնական հաստատությունները, ինչպե՞ս են տարին սկսելու, հատկապես ի՞նչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել:
«Միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկը երկրում պետք է շատ կարևոր ֆունկցիա կատարի, այն պետք է կարողանա մեր բնակչության կապն ապահովել աշխատաշուկայի հետ: Ոլորտում խնդիր կա մասնագիտությունների հարցում, քանի որ ուսանողներն ավարտելուց հետո չեն կարողանում աշխատաշուկայում գտնել աշխատանք, և քոլեջները հաճախ սկսում են ծառայել դեպի բուհ անցումային փուլին և ոչ թե առանձին մասնագիտական որակ են տալիս»,- ասաց նախարարը:
Միջին մասնագիտական կրթության ոլորտի հզոր խաղաքարտը, ըստ նրա, այն է, որ երիտասարդը, երկու տարի սովորելով, ստանում է մասնագիտություն, որի միջոցով էլ հետո կայանում է աշխատաշուկայում: «Մեր ժողովրդի մեջ կա մի մտածողություն, թե կրթությունը պետք է լինի արագ, անընդհատ ու շարունակական, և պարտադիր կրթության մեջ նույնիսկ մագիստրատուրան են մտցրել հիմա: Միջին մասնագիտականների համար շատ կարևոր է, որ իրենք համոզմունք ունենան, որ ավարտական ձևաչափ են ստանում, իսկ ուսանողը պետք է կյանքում իրեն փորձեն, և եթե փորձի ժամանակ զգա, որ ունի բարձրագույն կրթության կարիք, նոր միայն կարող է բակալավր կամ ևս մեկ աստիճան ավելի բարձր սովորել»,- նշեց Մկրտչյանը:
Ըստ նրա` պետք է կարողանալ աշխատել նաև աշխատաշուկայի հետ, չնայած այն հանգամանքին, որ երկրի աշխատաշուկան ձևավորման բարդ գործընթացի մեջ է: Սակայն, նախարարի համոզմամբ, գոնե այն ոլորտներում, որտեղ կայացած աշխատաշուկա ունենք, պարտավոր ենք կապը հզորացնել:
Նա նշեց նաև, որ ապրիլյան դեպքերից հետո պետք է վերանայվի նաև մասնագիտությունների ցանկը: «Այս ընթացքում հասկացանք, որ միջին մասնագիտական կրթության մեջ երկակի մասնագիտությունները շատ կարևոր են, օրինակ` հրետանու, տրակտորիստի մասնագիտությունները: Երիտասարդները, որոնք զորակոչվում են բանակ, պետք է ավելի խորը գիտակցված մասնագիտական կրթություն ունենան, հատկապես` զրահատեխնիկային տիրապետելու համար»,- ասաց նախարարը:
Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Վահագն Առաքելյանը նշեց, որ այս պահին քոլեջում ընդունելության պրոցեսը դեռ շարունակվում է, սակայն իրենք հասցրել են արդեն 6 մասնագիտությամբ 75 դիմորդ ունենալ: Ի դեպ, դիմորդների շարժը, ըստ քոլեջի տնօրենի, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ է:
«Բոլոր պայմանները կան որակյալ կրթություն ապահովելու համար` պատրաստված մասնագետներ, նյութատեխնիկական բազա… Բացի այդ` մասնավոր հատվածի հետ կապն ակտիվ է, և մեր ուսանողները հիմնականում պրակտիկայի են գնում այն գործատուների մոտ, որոնք ապագայում ունենում են թափուր աշխատատեղեր, և դրանք համալրվում են մեր շրջանավարտներով: Ոչ միայն գործատուների հետ ենք համագործակցում, այլ նաև ՀԿ-ների, որպեսզի ուսանողները հետո առանց աշխատանք չմնան»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ կան ուսանողներ, որ դեռ հետևում են «մոդայիկ» մասնագիտություններին, օրինակ` ֆինանսների գծով, և կան ուսանողներ էլ, որոնք ուղղակի սովորում են սովորած լինելու համար: «Քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է հասնել նրան, որ ուսանողը հասկանա` պետք է լավ սովորել, որպեսզի պահանջարկված լինել»,- ասաց քոլեջի տնօրենը:
Առաքելյանը տեղեկացրեց նաև, որ քոլեջում սահմանամերձ համայնքների բնակիչների համար համապատասխան արտոնություններ կան` ուսման վարձի զեղչի տեսքով:
Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանն էլ նշեց, որ իրենց մոտ նույնպես ընդունելությունն այս տարի ավելի շատ է, սակայն ցավալին այն է, որ դիմորդների շրջանում 12-րդ դասարան ավարտածների թիվն է ավելի պակաս:
«Մեր համակարգը բավականին թափ է առել, և, իսկապես, մենք ուշադրության կենտրոնում ենք` թե՛ ԿԳՆ-ի, թե՛ կառավարության: Այն մասնագիտությունների գծով, որոնք շատ ավելի պահանջարկված են աշխատաշուկայում, ընդունելությունն ավելի լավ է, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվապահական հաշվառում բաժիններում, իսկ սննդի տեխնոլոգիայի բաժնում անգամ մրցույթ առաջացավ: Մենք պահպանում ենք հետադարձ կապ մեր շրջանավարտների հետ, և կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը գտնում է իր տեղն աշխատաշուկայում, սակայն լինում են նաև դեպքեր, որ ուսանողներն ավարտում են մի մասնագիտությամբ և աշխատում մեկ այլ ոլորտում»,- ասաց Վարդանյանը:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին` ուսումնարանի տնօրենը նշեց, որ հիմնական խնդիրն աշխատավարձն է, որի` ցածր լինելու պատճառով էլ հիմնականում դասավանդում են նրանք, ովքեր թոշակի մոտ տարիքի են: «Հույս ունեմ, որ խնդիրը կկարգավորվի շուտով, քանի որ արհեստագործական ուսումնարաններում արդեն իսկ այս խնդիրը լուծվել է»,- ասաց Վարդանյանը: