Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տվեց երեք վկա, որոնք, ըստ նախաքննության տվյալների, իբր տեսել են սպանություն կատարած անձանց: Սակայն երեքն էլ այսօր դատարանում հայտարարեցին, որ չեն ճանաչում ամբաստանյալներին:
Մասնավորապես` վկաներից Ալբերտ Չիլինգարյանը պատմեց, որ ինքն աշխատում է «Երևան Ջուր» ընկերությունում և դեպքի օրը բրիգադի մյուս տղաների հետ նորոգելիս է եղել Նուբարաշեն վարչական շրջանի շենքերից մեկի վթարված ջրագիծը: «Կեսօրից հետո ընդմիջման էինք, երբ երեք հոգի եկան` դիմակներով, անցան, ես էլ մտածեցի` կինո են նկարում: Թե չէ խի՞ պետք ա օրը ցերեկով դիմակներով անցնեին»,- պատմեց վկան:
Համաձայն նրա նախաքննական ցուցմունքի` Նուբարաշենի «բերդի» ուղղությամբ կրակոցների ձայներ են լսել, իրարանցում չի եղել, մտածել են` ՔԿՀ-ում վարժանքներ են, հետո տեսել է շենքերից եկող երեք երիտասարդի: Նրանցից մեկը դիմակով է եղել, մյուս եկուսը` ոչ: Նույնը նա պատմեց դատական նիստի ընթացքում:
Վկա Դմիտրի Սավչենկոյի հարցաքննության ժամանակ երեք ամբաստանյալները ոտքի կանգնեցին, որպեսզի վկան նրանց տեսնի և հիշի` նախկինում է՞լ է տեսել, թե՞ ոչ: Սավչենկոն այն տաքսու վարորդն է, ով, ըստ նախաքննության տվյալների, դեպքի օրը տեղափոխել է սպանություն կատարած անձանց: Վկան պատասխանեց, որ նրանց չի տեսել, թեև իր նախաքննական ցուցմունքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես և ինչ ճանապարհներով է երեք երիտասարդներին Նոր Նորքի 2-րդ զանգվածից տեղափոխել Աշխաբադյան փողոց: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ուղևորներից ոչ մեկի ձեռքին դիմակ կամ գխարկ չկար, և որ միայն նկատել է, որ տղաներից մեկի տաբատը պատռված է: Վկան նաև հայտնել էր, որ մեքենայի բռնակների վրա այդ երիտասարդների մատնահետքերը չեն մնացել, քանի որ օրական բազմաթիվ ուղևորների է տեղափոխում:
Սավչենկոյին ԱԱԾ-ում ներկայացվել է տեսագրություն, որում երևում է նրա մեքենայի շարժը, ինչպես նաև այն վայրը, որտեղից վերցրել է ենթադրյալ հանցագործներին: Ուշագրավ է, սակայն, որ մինչ օրս հարցաքննված վկաներից որևէ մեկին ամբաստանյալների հետ ճանաչման չեն ներկայացրել, թեև ենթադրվում է, որ դեպքից օրեր անց նրանք ավելի լավ կմտաբերեին հանցագործների դեմքը, քան, օրինակ, դեպքից մեկ տարի անց:
Ինչևէ, այսօրվա դատական նիստին չէին ներկայացել անգամ այն վկաները, որոնց նկատմամբ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Դա հարուցեց դատավորի դգոհությունը:
«Ցավալի է, որ ապրիլյան դեպքերից հետո ինչ վկայի դատակոչում ենք, ասում են, թե գնացել են Ղարաբաղ: Չեմ հասկանում, բա որ նրանք Ղարաբաղում են, էլ մեր զինվորներն էնտեղ ի՞նչ են անում: Էն ժամանակ հենց ծանուցում էինք, ասում էին` ՌԴ-ում են, հիմա էլ Ռուսաստանը դարձավ Ղարաբա՞ղ»:
Դատարանը որոշում կայացրեց մի քանի վկաների կրկին բերման ենթարկելու մասին, մի քանի վկաների էլ կրկին ծանուցեցին: