կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-23 14:04
Առանց Կատեգորիա

Հայտարարությունների հերթ չկա

Հայտարարությունների հերթ չկա

Չզարմանաք, բայց կուսակցությունները,  անկախ նրանից` աջ են, թե ձախ, սոցիալիստական են, լիբերալ, պահպանողական, անկախ անվանումից, կուսակիցների եւ համակիրների քանակից, մարզերում կուսակցական գրասենյակից թվից եւ այլն, երբեմն հանդես են գալիս հայտարարություններով` կապված տվյալ երկրում, պատահում է` աշխարհում տեղի  ունեցած որևէ իրադարձության հետ:

Այս առումով հետաքրքիր է, թե ո՞րն է այն զարմանքի հիմքը, որ  ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ` կապված Էրեբունու դեպքերի հետ: Այսինքն հանդես չգա՞ր, լռե՞ր…

Այլ հարց է`  հայտարարություն անելու ժամանակահատվածը: Օրինակ, երբ որեւէ բան է տեղի ունենում եւ կուսակցությունը առաջին, երկրորդ, երրորդ օրը հայտարարությամբ հանդես չի գալիս, բայց հայտարարություն է անում  վեցերորդ օրը,  ապա հետաքրքիր է, թե ինչո՞ւ  է հենց հիմա հանդես գալիս եւ ինչո՞ւ էր մինչ այդ լռում:

Երեւի չեք նկատել, ինչը միանգամայն նորմալ, հասկանալի է այս լարված օրերին, բայց ՀՅԴ-ն, ի դեմս` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի, հենց նույն օրը` հուլիսի 17-ին, հարցազրույց տվեց: Նա  հայտնեց կուսակցության դիրքորոշումը` կատարվածի հետ կապված: Որեմն  այն զարմանքը, խոսակցությունները, թե Դաշնակցությունը անցած օրերին լռել էր եւ խոսել է միայն այն ժամանակ, երբ…մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, եթե, իհարկե, փորձ չեն խեղաթյուրելու այն:

 Հաջորդը, ՀՅԴ-ն  երեկ հանդես եկավ հայտարարությամբ, երեկ հայտարարություններ արեցին նաեւ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ոչ թե Սարգսյանը առաջինն էր, որ անհրաժեշտ համարեց խոսել, այլ պարզապես նախագահի մոտ իրավապահ գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունն ավելի շուտ տեղի ունեցել ու ավարտվել, քան ՀՅԴ ԳՄ-ն կավարտեր իր երեկվա նիստը, որի արդյունքում էլ հանդես կգար հայտարարությամբ, եւ կամ Տեր-Պետրոսյանը կծխեր, կավարտեր օրվա  թվով 14-րդ սիգարետը եւ վերջնական տեսքի կբերեր իր հայտարարության տեքստը:

Ի դեպ, ՀՅԴ ԳՄ-ն երեկ նիստ է արել, ոչի՞նչ, որ հենց երեկ է արել, այլ ոչ թե զանգահարել է նախագահական` իմանալու, թե ե՞րբ է նախագահը իրավապահ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցություն անելու, արդյո՞ք այնտեղ հայտարարությամբ է հանդես գալու, եւ եթե անելու է, ապա չի արագացրե՞լ  իր ԳՄ նիստը եւ նախագահից ավելի շուտ հանդես չի եկել հայտարարությամբ: Ոչինչ չէ՞, ներելի է չէ՞:

Բայց կատակը մի կողմ, իսկապես խնդիր է՞, թե որ կուսակցությունը, երբ է հայտարարություն անում: Խնդիրն ուրիշ տեղ է, այնտեղ, որ արդեն վեցերորդ օրն է, որ կան կուսակցություններ, որոնք որեւէ բան չեն խոսել: Եւ ուրիշ խնդիր էլ կա, թե ինչ պետք է խոսեն: Գիտե՞ք, եթե երկրում արյունահեղության վտանգ կա, եւ եթե կուսակցություներն իսկապես մտահոգված են երկրի ու ժողովրդի ապագայով, ապա նրանց ասելիքը, անկախ ձեւակերպումներից,  պետք է լինի` ոչ արյունահեղությանը, անկախ նրանից, թե այն որ կողմից կսկսվի, մանավանդ, երբ երկու կողմերում էլ մերոնք են, մենք ենք:

Հովիկ Աֆյան