|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Քաղաքականություն- Թուրքիայի ազգայնամոլական կուսակցությունը վերաձևավորման գործընթաց մեջ է
Թուրքիայի ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi /MHP) լուծարել է Բիլեջիքի, Չանաքքալեի և Մուղլայի նահանգային կազմակերպությունները և նոր նախագահներ նշանակել այդ նահանգներում։ Այս որոշումները դիտվում են որպես կուսակցության ներսում շարունակվող վերակազմավորման գործընթացի մի մաս։ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդներից Սեմիհ Յալչընը հայտարարել է, որ MHP-ի Բիլեջիքի նահանգային կազմակերպությունը լուծարվել է կուսակցության կանոնադրության համապատասխան հոդվածների հիման վրա, իսկ Թալհա Օզքան նշանակվել է նոր նահանգային նախագահ։ Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև Չանաքքալեում․ կազմակերպության լուծարումից հետո Սալիհ Ալթընքայան նշանակվել է MHP-ի Չանաքքալեի նահանգային նախագահ։ Մուղլայի նահանգային կազմակերպությունն էլ է նույն հիմքերով լուծարվել, և Էմրահ Օլթուլուն նշանակվել է նահանգային նախագահ։Այս վերջին որոշումներով MHP-ում կազմակերպությունների լուծարումներն ու նոր նշանակումները շարունակում են գրավել հանրության ուշադրությունը։ Ավելի վաղ ևս լուծարվել էին Ստամբուլի, Կարսի, Քյութահիայի և Էսքիշեհիրի նահանգային կազմակերպությունները։ Կուսակցության ներսում տեղի ունեցող այս զարգացումները հուշում են առաջիկայում նախատեսվող ռազմավարական քայլերի մասին։

Ընդդիմություն- «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ․ «Թուրք ժողովուրդն այլևս անհանդուրժող է իրեն ներկայացվող ստերի հանդեպ ու նոր ընտրություններ է պահանջում»
Թուրքիայում ընդդիմադիր «Հաղթանակ» (Zafer Partisi) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղն իր կուսակցության կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամլո ասուլիսին անդրադարձել է Ուրֆայի և Մարաշի դպրոցներում տեղի ունեցած հարձակումներին՝ դրանք գնահատելով որպես ծանր և տրավմատիկ դեպքեր։ Նշվել է, որ զոհվել են աշակերտներ և մեկ ուսուցիչ։ Ասուլիսին ներկա փորձագետ Սերդար Աքը ներկայացրել է, որ նման հարձակումներ իրականացնողները սովորաբար երիտասարդներ են՝ ցածր ինքնագնահատականով, դեպրեսիայով և սոցիալական մերժման փորձով։ Նա ընդգծել է, որ միայն անվտանգության միջոցները բավարար չեն, և անհրաժեշտ է կանխարգելում ու հոգեբանական աջակցություն։ Ասուլիսի վերջում Օզդաղը քննադատել է իշխանություններին և կոչ արել վաղաժամ ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ դրանցից խուսափող իշխանությունը կորցնում է իր լեգիտիմությունը։

Տնտեսություն- Շիմշեք․ «Կլիմայական գործողությունները դիտում ենք որպես տնտեսական աճի, զբաղվածության և մրցունակության շարժիչ ուժ»
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը նշել է, որ COP31 համաժողովի գործողությունների օրակարգի շրջանակում երկրի կլիմայական քաղաքականությունը դիտարկվում է տնտեսական աճի, զբաղվածության և մրցունակության հետ համատեղ՝ ընդգծելով․ «Մենք կլիմայական գործողությունները դիտում ենք որպես աճի, զբաղվածության և մրցունակության շարժիչ ուժ»։ Շիմշեքը նշել է, որ COP31 համաժողովի գործողությունների օրակարգը ձևավորվում է հետևյալ 9 հիմնական ուղղություններով՝ «Զրո թափոն և շրջանաձև տնտեսություն», «Կլիմակայուն գյուղատնտեսություն և սննդային անվտանգություն», «Կանաչ արդյունաբերացում», «Մաքուր էներգիայի անցում», «Էկոհամակարգերի պահպանում», «Կլիմակայուն քաղաքներ», «Օվկիանոսների և ծովերի պահպանում» և «Կլիմայական գործողությունների իրականացման մեխանիզմներ»։ Նա նաև նշել է, որ COP31 գործընթացը չպետք է սահմանափակվի միայն խոստումներով՝ շեշտելով․ «COP31-ը պետք է անցնի խոստումներից անդին և ապահովի իրական, չափելի արդյունքներ»։

Հասարակություն- Թուրքիայում շարունակվում են Ուսուցիչների արհմիության անդամների ցույցերը վերջերս դպրոցներում տեղի ունեցած հարձակումների առնչությամբ
Թուրքիայում Ուսուցիչների արհմիության անդամները շարունակում են Անկարայում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր անել վերջերս Ուրֆայի և Մարաշի միջնակարգ դպրոցներում տեղի ունեցած հարձակումների առնչությամբ։ Արհմիության նախագահ Քեմալ Իրմաքը ցույցի ժամանակ հայտարարել է․ «Այս դեպքերի պատասխանատուն ո՛չ Մարաշի 8-րդ դասարանի աշակերտն է, ո՛չ էլ Սիվերեքում դպրոցը լքած այդ երեխան։ Նրանք տեսանելի մեղավորներն են։ Պետք է նաև բացահայտել անտեսանելի մեղավորներին։ Առաջինը Կրթության նախարար Յուսուֆ Թեքինն է, որը տարիներ շարունակ արձանագրված տասնյակ ու հարյուրավոր բռնության դեպքերի նկատմամբ պատասխանատվություն չի կրել և միայն դիտորդի դեր է ունեցել՝ առանց լուծումներ առաջարկելու։ Երկրորդ պատասխանատուն Թուրքիայի նախագահականում գործող Կրթական քաղաքականության խորհուրդն է։ Երրորդը և իրականում գլխավոր պատասխանատուն այս համակարգը ձևավորած մեկանձնյա ռեժիմն է (նկատի ունի Էրդողանին-Ակունքի խմբ․)։ Մենք կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել այս ռեժիմին և նրա նախարարներին»։
Պատրաստեց Մելինե Անումյանը