|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Իշխանություն» լրատվականը տեղեկություններ է ստացել առ այն, որ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վերջնագիր է ներկայացրել ընդդիմադիր վարչական ղեկավարներին՝ պահանջելով ենթարկվել և աջակցել ՔՊ-ին: «Շատ ուղիղ հասկացրել է՝ հակառակվողները կզրկվեն պաշտոններից»,-պատմեց վարչական ղեկավարներից մեկը:
Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ով մինչև վերջերս փորձում էր ներկայանալ որպես ընդդիմադիր, իրականում արդեն շատ բաց գործում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգով։ Վարդենիսում արդեն ակնհայտ է դարձել, որ նա վաղուց է կապվել ՔՊ-ի հետ և այժմ արդեն ոչ միայն չի փորձում այդ կապը թաքցնել, այլև բացահայտ գործում է այն ընդդիմադիր մարդկանց դեմ, որոնց պայքարի շնորհիվ նա դարձավ համայնքապետ։ Մարդիկ լավ են հիշում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ու այն դիմադրությունը, որը ցուցաբերվեց Վարդենիսի ՏԻՄ-ն ամեն կերպ զավթել փորձող ՔՊ-ական «կլանի» դեմ։
Վարդենիսցիների դժգոհությունը գնալով աճում է։ Նրանք նշում են, որ իրենց առօրյա խնդիրները շարունակում են մնալ չլուծված․ տրանսպորտի բացակայություն, ենթակառուցվածքների վատ վիճակ, 35 գյուղերի մեկուսացվածություն և ընդհանուր անտեսվածություն։ Խաչատրյանը հայտարարել էր, թե Վարդենիսում միլիարդավոր ներդրումներ են իրականացվել, մինչդեռ բնակիչները նշում են, որ իրականում տեսանելի արդյունքներ չկան, իսկ կատարված աշխատանքների որակը ցածր է։ Օրինակ, նոր ասֆալտապատ ճանապարհները մի քանի ամսում արդեն ճաքեր են տալիս։
Ի դեպ, Ահարոն Խաչատրյանի այս կտրուկ «ճամբարափոխությունը» լուրջ դժգոհություն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» խմբակցության, այլև իր իսկ գլխավորած դաշինքի որոշ ավագանիների շրջանում, ովքեր դեմ են ՔՊ-ի քաղաքականությանը։
Չնայած նրան, որ նա ընդունված չէ ո՛չ ավագանու տարբեր խմբակցությունների, ո՛չ տեղական ՔՊ-ականների, ո՛չ էլ համայնքի բնակիչների մեծ մասի կողմից, այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, առանց այլևայլության նա պատրաստվում է գլխավորել ՔՊ Վարդենիսի նախընտրական շտաբը։
Վարդենիսում նրա այս քայլը շատերի կողմից ընկալվում է որպես բացահայտ դավաճանություն։ Բնակիչների շրջանում ձևավորված է այն կարծիքը, որ Խաչատրյանը չի արդարացրել վստահությունը և այլևս չի ներկայացնում համայնքի շահերը, իսկ նրա նկատմամբ հարգանքն ու վստահությունը համայնքում գրեթե զրոյացել են։
Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Վահան Զարոյանի քավորն է, ինչը, ըստ շատերի, ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա իրական քաղաքական դիրքավորումը և կապերը իշխանության ներսում։ Այսօր համայնքում շատերը համոզված են, որ նա դեռ սկզբից էր կանգնած ՔՊ-ի կողքին, պարզապես խաբել է ընտրողներին՝ իշխանության գալու համար։ Վարչական լծակների կիրառումը, աշխատակիցների վրա ճնշումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նրա վարքագիծը միայն ավելի են ամրապնդում այդ համոզմունքը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, տևական մղձավանջից, դատական քաշքշուկներից ու Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Վարդենիսի ՏԻՄ-ը զավթելու երկար ու բազմաբնույթ փորձերի ձախողումից հետո, Վարդենիս համայնքի «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» ուժերը ներկայացնող ավագանու անդամները 2022 թվականի մարտի 16-ին հրավիրեցին ավագանու արտահերթ նիստ եւ Վարդենիս համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։