կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-05 10:37
Տարածաշրջան

Թուրքիայում կբացվի Արա Գյուլերի թանգարանը

Թուրքիայում կբացվի Արա Գյուլերի թանգարանը

Թուրքիայում բացվելու է լուսանկարների միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվելու են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները, ներկայացվելու է նրա կյանքն ու արվեստը: Թուրքական Murekkephaber լրատվական կայքը հայտնում է, որ նախագծի հեղինակը Թուրքիայում հայտնի Doğuş Grup ընկերությունն է, որը հայտնի լուսանկարչի հետ համագործակցելու իրավունք է ձեռք բերել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարություն է արել Doğuş Grup-ի գործադիր խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքը: Նա նշել է, որ, թանգարան հիմնելով, նպատակ ունեն Արա Գյուլերի ամբողջ ստեղծագործական արխիվը պահպանել և փոխանցել գալիք սերունդներին: Շահենքի խոսքերով՝ այդ համագործակցության շրջանակներում մի շարք միջոցառումներ են ձեռնարկելու Գյուլերին և նրա ստեղծագործությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ներկայացնելու և սերնդեսերունդ փոխանցելու համար:

«Բեյօղլուում գտնվող շենքը, որտեղ Արա Գյուլերը ծնվել, մեծացել է, հետո էլ որոշ ժամանակ օգտագործել` որպես արվեստանոց, կվերածվի լուսանկարների պատկերասրահի, որը միջազգային նշանակություն կունենա և կդառնա Թուրքիայի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը»,- ասել է Շահենքը:

Նա նաև նշել է, որ թանգարանում ցուցադրվելու են անվանի հայ լուսանկարչի գրքերը, հուշերը, հուշանվերները, մրցանակները, պաստառները, դիմակները, անձնական իրերը, հավաքածուները: