Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ սանկտպետերբուրգյան համատեղ հայտարարության մեջ որպես Վիեննայի պայմանավորվածությունների բաղադրիչ նշվում էր միայն շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այնտեղ ոչ մի ակնարկ չկար մյուս բաղադրիչի՝ հրադադարի խախտման միջադերի արձանագրման և հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Թե ինչով է սա պայմանավորված` առայժմ հայտնի չէ: Պաշտոնական Երևանն այս կապակցությամբ առայժմ մեկնաբանություն չի տվել: Չնայած դրան՝ կարծես թե սկսվում են այդ մեխանիզմների ներդրման նշանակությունը նվազեցնելու փորձերը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր ասել է, թե հետաքննական մեխանիզմների ներդրումը չի ավելացնի Հայաստանի և Արցախի անվտանգությունը և չի կանխի հնարավոր պատերազմը, քանի որ պատերազմ սկսողն իր այդ որոշումը չի պայմանավորում նրանով, թե սահմանին կա՞ն դիտորդներ, թե՞ ոչ:
Եթե խնդիրը դիտարկենք զուտ պատերազմ սկսել-չսկսելու հարթությունում, ապա փորձագետը լիովին ճիշտ է: Ավելին, այդ մեխանիզմները ոչ միայն չեն կարող կանխել պատերազմը, այլև չպետք է կանխեն. որոշ դեպքերում պատերազմ սկսելն ուղղակի այլընտրանք չի ունենում: Այս պահին դրա մասին մտածում է Ադրբեջանը: Բայց ինչ-որ պահից պատերազմ սկսելը Հայաստանի կամ Արցախի համար կարող է դառնալ այլընտրանք չունեցող: Սահմանին միջազգային դիտորդների առկայությունը կամ հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմները չեն կարող և չպետք է այդ հարցում կապեն հայկական կողմի ձեռքերը: Բայց խնդիրը միայն այս կտրվածքով ներկայացնելը նշանակում է հարցը կտրել կոնտեքստից ու քննարկել իրականությունից կտրված: Իսկ իրականությունն այն է, որ մի կողմից գոյություն ունի Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման իրական վտանգ, իսկ մյուս կողմից՝ կան 1994 և 1995թ. կնքված անժամկետ հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք ուղղակի արգելում են ռազմական գործողությունների վերսկսումը: Այդ մեխանիզմների ներդրումը ոչ թե պատերազմը կանխելու նպատակ է հետապնդում, այլ Հայաստանին դիվանագիտական առավելություն տալու:
Առաջին պատճառն այն է, որ այդ մեխանիզմների ներդրման վրա պնդում անելն ուղղված է միջազգային հանրությանը համոզելուն, որ պատերազմի վերսկսումը բացարձակապես հայկական կողմի շահերից չի բխում, հետևաբար հրադադարի խախտման իրավական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է այն կողմի վրա, որը չի ցանկանում նման մեխանիզմների տեղակայումը: Սա չափազանց լուրջ խաղաքարտ է, որի ճիշտ կիրառումը աստիճանաբար կարող է և պետք է ծառայեցնել ԼՂՀ-ի անկախության միջազգայնորեն ճանաչմանը հասնելուն: Միջազգային հանրությանը պետք է համոզել, որ եթե Ադրբեջանը խախտում է իր իսկ ստորագրած համաձայնագիրը և ընդդիմանալով այդ մեխանիզմների ստեղծմանը՝ պատերազմի հող է նախապատրաստում, ապա արցախցիների անվտանգության ապահովման միակ տարբերակը ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը ճանաչելն է:
Երկրորդ պատճառն այն է, որ եթե գործընթացը լիովին մնար Վիեննայի պայմանավորվածությունների դաշտում, ապա այդ մեխանիզմների ներդրումը հայկական կողմին մի կողմից պատերազմը հետաձգելու, իսկ մյուս կողմից դրան նախապատրաստվելու և սպառազինվելու համար անհրաժեշտ ժամանակ շահելու հնարավորություն էր տալիս: Ակնհայտ է, որ առանց դրանց Ադրբեջանը ավելի հեշտ և ավելի շուտ կանցնի հարձակման, ընդ որում՝ ինչպես ապրիլյան պատերազմի դեպքում՝ պատճառաբանելով թե հայկական կողմն է դրան սադրել, քան՝ այդ մեխանիզմների առկայությամբ, որոնք գոնե թույլ կտան հիմնավորել, թե ով է եղել նախահարձակ կողմը: Հարցն այն չէ, որ դրանք կխանգարեն ադրբեջանական բանակին հարձակվել: Հարցն այն է, որ հարձակման դեպքում Ադրբեջանը լիարժեք կդառնա իր այդ որոշման հետևանքների իրավական պատասխանատուն: Եթե դա այդքան էական չլիներ, Բաքուն այդքան հետևողականորեն չէր ընդդիմանա հետաքննության մեխանիզմների ներդրմանը և դիտորդների թվի ավելացմանը:
Եվ վերջապես հարցը սկզբունքի մեջ է ու վերաբերում է ազգային ու պետական շահերը, դիմագիծը պաշտպանելու կարողությանը: Ապրիլյան պատերազմից հետո այդ մեխանիզմների ներդրման պահանջը հենց հայկական կողմն էր դրել, ընդ որում՝ որպես ԼՂ հարցով որևէ տեսակի բանակցություն սկսելու կամ շարունակելու նախապայման: Եվ հիմա, երբ համակերպվածություն է հանդես բերվում այդ մեխանիզմների ներդրման հարցը օրակարգից հանելու միտումների հանդեպ, ի՞նչ է փորձում ասել աշխարհին. որ Հայաստանի խոսքը ոչ մի արժեք չունի, որովհետև կարող է նախապայմաններ ներկայացնել, հետո հաջորդ օրը համակերպվել դրանց չեզոքացման փորձերի հե՞տ: Այդ դեպքում ի՞նչ արժեք ուներ Վիեննայից առաջ ու դրա ընթացքում համառորեն պնդել, որ այդ մեխանիզմները ներդրվեն:
Մյուս կողմից, այդ պահանջները դրվում էին որպես ապրիլյան պատերազմի հետևանք: Դրանք առաջ էին քաշվել, որպեսզի Ադրբեջանը հասկանար, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ինքը կարևոր էջ է շրջել, աններելի այնպիսի քայլ է կատարել, որ հնարավոր չէ այլևս վերադառնալ մինչապրիլմեկյան իրականությանը: Եվ երբ հայկական կողմը ԼՂ հարցով բանակցությունների մասնակից է դառնում՝ առանց այդ պայմանների գոնե մի մասի կատարման, անուղղակիորեն հասկացնում է, որ ապրիլյան պատերազմը, կրած մարդկային ու տարածքային կորուստները ոչինչ չեն փոխել: Իսկ դա այլ բան չէ, քան արդարացնել Ադրբեջանի պատերազմական քաղաքականությունը, նրան ներշնչել անպատժելիության զգացում և դրանով իսկ հնարավորինս մոտեցնել անցանկալի պատերազմը:
Երբ այս պայմաններում հայկական կողմը սկսում է բովանդակային բանակցության մեջ մտնել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, կարող է տպավորություն ստեղծվել, որ պատրաստ է զիջումների: Սանկտպետերբուրգյան հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը որոշ հարցերում եկել են այնպիսի փոխհամաձայնության, որոնց «լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել` առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»: Հարց է առաջանում՝ ի՞նչ լուծումների մասին է խոսվում հայտարարությունում: Արդյոք փորձ չի՞ արվում կողմերին մղել լուծումների` այն համաձայնությունների դաշտում, որոնք արդեն ձեռք են բերվել: Եթե այո, ապա գործընթացը դուրս է գալիս «ոչինչ որոշված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքի շրջանակից և տեղափոխվում «փուլային համաձայնություններ և փուլային լուծումներ» տրամաբանության դաշտ, որտեղ հիմնական չհամաձայնեցված, հետևաբար անորոշ ապագային թողնվող հարցը ԼՂ-ի կարգավիճակի որոշումն է: Հենց նմանատիպ լուծումների պարտադրանքից խուսափելու հրամայականն է հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտ սկզբունքայնություն հանդես բերել այդ մեխանիզմների ներդրման հարցում:
Գևորգ Դարբինյան