կարևոր
5035 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-03 15:39
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը. 7or.am

Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը. 7or.am

7or.am-ի գրում է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ–ն ղեկավարել ընտանեկան «Հայկական Թուրքական ժամանակ» թերթոնի գլխավոր խմբագրի կարգավիճակով։ Նա իր թերթոնի միջոցով է ներկայացրել Ադրբեջանի պահանջները Հայաստանից ու բացահայտել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին Ալիևի պատկերացումները։

Նիկոլի փոխանցմամբ՝ Ալիևը հետևյալ 5 կետերն է դնում Հայաստանի առաջ․

1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,

2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,

3.Միջանցք Հայաստանի տարածքով,

4․Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),

5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Նկատենք, որ այս կետերից որևէ մեկի բավարարումը կբերի Հայաստանի ու Արցախի ամբողջական կապիտուլյացիային։ Այստեղ զիջման տեղ չկա։

Նիկոլը թերթոնում չի գրել, թե ո՞րն է իր տեսակետն այս կետերի վերաբերյալ, բայց դատելով նրա ելույթներից, ինքնաասուլիսներից ու ինքնահարցազրույցներից՝ կարող ենք պնդել, որ նա կողմ է առաջին երկու կետին, քանզի պարբերաբար քարոզում է «Ղարաբան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Օրերս էլ հայտարարեց, որ ինքը չի ուզում խառնվել Արցախի խնդիրներին, թող Ստեփանակերտն ու Բաքուն իրար հետ պայմանավորվեն։ Նաև ավելացրեց, որ ինքն ընդունելի է համարում, որ «խաղաղության» համաձայնագրում կարող է բառ անգամ չլինել Արցախի մասին։

Ինչ վերաբերում է մյուս կետերին, ապա Նիկոլը դեմ է 3–րդ կետի պահանջին։

4–րդ կետի մասով նա Ալիևին առաջարկում է առաջնորդվել 1991–ին դե ֆակտո արձանագրված քարտեզով և Ալիևից խնդրում է 29.800 քառակուսի կիլոմետրով տարածք։

5–րդ կետին Նիկոլը դեմ չի լինի, եթե պարզվի, որ Ալիևը պատերազմի հանցագործների կարգավիճակում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, քանզի և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների դեմ նույն տրամադրվածությունն ունեն։

Այս ամենը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերում, այլ Հայաստանի ու Արցախի կործանում։ Դա թույլ չտալու թիվ մեկ նախապայմանը նրա հեռացումն է վարչապետի աթոռից։ Միայն նոր վարչապետով ու ազգային համաձայնության նոր կառավարությամբ է հնարավոր կանխել աղետն ու փրկել մեր երկիրը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են»։