կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-17 17:23
Քաղաքական

Քննություն՝ Ադրբեջանի համար

Քննություն՝ Ադրբեջանի համար

Այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այն, ինչ պայմանավորվել են Վիեննայում չափազանց կարևոր է, և առանց դրա խոսել որևէ առաջընթացի կամ արդյունավետ բանակցությունների մասին, անհնար է:

«Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար, արդյո՞ք նա, Վիեննայում չկարողանալով դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնեց, իսկ հիմա փորձելու է տապալել, թե՞ ոչ»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ առաջընթացն այն է, որ ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է, իսկ խնդիրը վերաբերում է երկու փաստաթղթի:

Առաջինը վերաբերում է գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի կարողությունների ավելացմանը, ինչը կարևոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար, որովհետև եղած թիմը փոքրաթիվ է, նաև չունի բավարար սարքավորումներ:

Երկրորդը վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, որովհետև առ այսօր արդարացի դժգոհություն կար, և հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե:

«Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել, ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հայտարարությունները հասցեագրված չեն, և հետաքննությունների մեխանիզմի իմաստը հենց դրանում է, որ եթե տեղի է ունենում որևէ միջադեպ, ապա քննվում է, և կարելի է արդեն մատնանշել՝ ով էր հրահրողը, սկսողը, իրականացնողը: Ես ասեմ իմ անձնական գնահատականը` համենայն դեպս, հետևելով նրանց պաշտոնական հայտարարություններին, Ադրբեջանը ամենևին հակված չէ այդ մեխանիզմների լիարժեք ներդրմանը, և հենց ամսի 20-ը ցույց կտա` կփորձի՞ այդ կարևորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածոթյունները»,- ասաց փոխարտգործնախարարը: