կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-17 09:33
Քաղաքական

Ռուսաստանն ու Ադրբեջանը տանդեմով են խաղալու մեր դեմ. «Իրատես»

 Ռուսաստանն ու Ադրբեջանը տանդեմով են խաղալու մեր դեմ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում տեղի կունենա` Պուտինի գլխավորությամբ, Սարգսյան-Ալիեւ ֆորմատով: Հասկանալի է, որքան էլ կողմերը պնդում են, թե չկա «Լավրովի պլան», այնուհանդերձ, բոլորին էլ պարզ է, որ Ռուսաստանը փորձում է ոչ միայն խաղն ամբողջովին պահել իր ձեռքում, այլեւ հասնել նրան, որ տարածաշրջանն իր ազդեցության տակ մնա ընդմիշտ` թույլ չտալով որեւէ մեկի մուտքն այնտեղ: Մաքսիմալ այդ ցանկություններում արդյո՞ք Ռուսաստանը տեղ է հատկացրել նաեւ իր խաղաղապահների համար, որ պետք է տարածաշրջան մտնեն բացառապես Հայաստանի հաշվին, որովհետեւ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան երբեք չեն ցանկանա դա:

Բոլոր դեպքերում, ի՞նչ կարելի է սպասել հանդիպումից, որի առնչությամբ ԵԱՀԿ-ն հարկ համարեց ասել` ինձ հետ կապ չունի, ես չկամ, կարող ես` արա, Ռուսաստան: Պարզ է` ԵԱՀԿ համանախագահությունը գիտե, եւ անցած բոլոր տարիներն ապացուցել են, որ Ռուսաստանի նման փորձերը ձախողման են դատապարտված: Այլ խողովակներով էլ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, հարկ համարեցին զգուշացնել՝ եթե Ռուսաստանը ոտքն ավելի պինդ դնի «գազին» եւ փորձի կրկնել ապրիլյան «դեժավյուն», ապա խնդրին կխառնվի Թուրքիան, ասել է` «ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի» ձեւաչափով պատերազմ կսկսվի, ինչը, հաստատապես, ամենացանկալի զարգացումը չի կարող լինել, եւ ինչն էլ Արեւմուտքը չի կարող թույլ տալ:

Ի՞նչ մնաց «տակը». մնաց, որ Ռուսաստանը կամ համակերպվում է, որ լավագույնը, ինչին ինքը կարող է հասնել` ստատուս քվոյի պահպանումն է, ինչը, ի դեպ, շատ ձեռնտու է նաեւ Հայաստանին, կամ ճնշել Հայաստանին` ցանկալին ստանալու համար, ինչի նախանշանները հանդիպումից առաջ որոշակիորեն առկա են, սակայն այնքան թույլ, որ ասել, թե Ռուսաստանն աներկբայորեն պնդելու է իրենը, ճիշտ չի լինի:

Փաստորեն, ամեն ինչ խոսում է հօգուտ առաջին սցենարի, ասել է` սպասվող հանդիպումում որեւէ առաջընթաց, որեւէ փաստաթուղթ չի լինի: Հայտարարությո՞ւն: Ոչինչ չասո՞ղ: Գուցե:

Եվ այնուհանդերձ, թեկուզ այդ դեպքում, երբ հակամարտող կողմերը կարողացել են նստել մի սեղանի շուրջ, ինքնին քիչ չէ. պատերազմից լավ է:

Վատն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր նման անհետեւողական եղավ եւ հետաքննող սարքերի ու ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանն առնչվող Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները չկարողացավ կյանքի կոչել, փոխարենը հայտնի կենդանու նման գլուխը մտցրել է ավազի մեջ, ասում է` ես կապ չունեմ Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ:

Իսկ հնարավո՞ր է, Արեւմուտքը թույլ է տալիս, որ Ռուսաստանը հերթական անգամ տապալվի, սպառվի, ինքը կրկին, ինչպես եղավ վերջին անգամ, խաղի մեջ մտնի` նույն հետաքննական սարքերի ու Կասպրշիկի «խաղաթղթով», իրավունք ունենալով Ռուսաստանին ասելու՝ շանսը տրված էր, չօգտագործվեց, հիմա ես եմ խաղի մոդերատորը:

Բոլոր դեպքերում, Սանկտ Պետերբուրգում հեշտ չի լինելու հայկական կողմի համար, որովհետեւ, ինչպես ապրիլյան քառօրյայում, Ռուսաստանն ու Ադրբեջանը տանդեմով են խաղալու մեր դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում