|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Քառօրա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի տանը նախօրեին հավաքվել էին ընտանիքի ազգականներն ու հարազատ մարդիկ: Զոհված զինծառայողի հայրը մատաղ էր արել : Մեր զինվորներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձի մաղթանքի խորհրդով մատուցած մատաղից օգտվել են նաև սահմանապահ դիրքերում կանգնած զինվորները:
Զոհված զինծառայողի հայրն իրեն ուղեկցող համաքաղաքացիների հետ անձամբ հասավ սահմանապահ դիրքեր, սահմանին կանգնած քաջարի զինվորների հետ հիշեցին քառօրյա պատերազմում ընկած բոլոր հերոսներին ու հանուն մեր ապագայի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը վառ պահելու համար իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված:
Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, այս տարի պիտի զորացրվեր , հուլիսին պիտի վերադառնար տուն, Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Այստեղ Անդրանիկի համար կիսատ թողած շատ գործեր կային, ուսում, ֆուտբոլային մարզիչ դառնալու մեծ երազանք … Ամեն անգամ, երբ ճանապարհում են հյուրերին, իրենց պատերի ներսում մնում ՝ իրենց վշտի հետ միայնակ, հաճախ են քննարկում- վերլուծում, թե որտեղ թերացան, միգուցե կարող էին փրկել որդուն , որ ընտանիքի ծուխը չմարեր:
Ծնողները երբեմն մեղադրում են իրենց , որ որդու տեսողության հետ կապված խնդրի հետ հաշվի չնստեցին: Հայրը հոգու խորքում գուցե զղջում է, որ կարող էր որդու տեսողական խնդիրը միջոց դարձնել, խուսափել դիրքերում ծառայութունն անցկացնելու վտանգից, բայց ասում է՝ « քայլ չեմ արել..որովհետև Անդրանիկը չթողեց.. ասաց պապ, գիտեմ որ դժվար է , ես կգնամ էնտեղ , ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթը ու հանգիստ խղճով կգնամ ծառայության»: Անդրանիկն ուրախացել էր, որ Ղարաբաղ էր ընկել… ու ամեն անգամ այս ծանր հոգեվիճակում որդուն փրկել չհասցրած հայրը հիշում է, որ գիտակցաբար ՝ մեկնել ծառայության , դա որդու ընտրությունն էր:
«Այսօր ինձ մնում է իմ մեծ կորստի վշտի ու տառապանքի մեջ ապրել միևնույն ժամանակ հպարտության զգացումով, որ որդիս իր զինակից ընկերների հետ պայքարել է արյան գնով ու ընկել հանուն հայրենիքի»,՚՚ -ասում է Ատոմ Զոհրաբյանը:
Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր , զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում փոքրաթիվ վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը թշնամուն հետ մղելիս վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանը իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը՝ պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ ետ է քաշվել մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին , շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը…
«Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել», -ասում է զոհված զինծառայողի հայրը:
Հերոս Անդրանիկ Զոհրաբյանը Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատվել է Մարտական խաչ շքանշանով: