կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 18:36
Հասարակություն

ԶՈւ ԳՇ պետի հետ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մոտ 3,5 ժամ քննարկում ենք ունեցել, էֆեկտիվ աշխատանք ենք կատարել. Անդրանիկ Քոչարյան

ԶՈւ ԳՇ պետի հետ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մոտ 3,5 ժամ քննարկում ենք ունեցել, էֆեկտիվ աշխատանք ենք կատարել. Անդրանիկ Քոչարյան

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել ենք անցյալի, ներկային վերաբերող, նաև՝ ապագային միտված տարաբնույթ հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պատահական չէ, որ այս էտապում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո կարևորում ենք Արտակ Դավթյանի հետ հանդիպումը: Եթե կա նույնիսկ մեկ չգնահատված մարդ, պետք է դասեր քաղենք, և շտաբի պետի հետ մենք այդ հարցով էլ քննարկում ունեցանք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե հանդիպումը տևել է 3.5 ժամ:

 

«Ես կարծում եմ, որ մենք 3.5 ժամ գնահատման հերթական էֆեկտիվ աշխատանքն ենք ունեցել, և դա միտված է եղել մեր ԶՈւ-ի Ապրիլյան դեպքերի հետ կապված խնդիրներն արագ ավարտելուն, հանրությանը ներկայացնելուն այն առումով, որ մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված ոչ միայն հարցազրույցների, քննարկումների, այլև այն փաստաթղթերի շրջանակներում»,-ասաց Քոչարյանը:

Հարցին՝ Դավթյանի հետ հանդիպումից հետո նորություններ ստացվե՞լ են, Քոչարյանը պատասխանեց. «Նորությունները կա՛մ կգտնեք, կա՛մ չեք գտնի մեր եզրակացություններում, բայց դրանք կլինեն շատ անհերքելի և փաստարկված»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հարցով ԶՈւ այսօրվա ղեկավար կազմի հետ աշխատելու են այնպիսի հիմնավորումներ ներկայացնել, որ բոլոր հարցերը փարատվեն, որովհետև ԶՈւ-ն պետք է իր մարտական հերթափոխն իրականացնի՝ առանց կասկածամտության որևէ դրսևորման:

«Եթե լինենք անկեղծ, ինչպես եղել ենք 90-ականներին, (հետագայում ԶՈւ-ն ինչ-ինչ պատճառներով օգտագործվեց տարբեր քաղաքական խնդիրների լուծման համար), այսօր մեր խնդիրն է ԶՈւ հզորություններն ավելացնել, առավել ևս՝ ինտելեկտուալ առումով, սպառազինության որակական խնդիրների ու դրանց կառավարման առումով, իսկ դա անելու համար ԶՈւ վստահությունը պետք է լինի անխոցելի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: