Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե հունիսին սպասվող հանդիպմանը հնարավո՞ր է կողմերի միջև ստորագրվի ինչ-որ համաձայնագիր, նշեց, որ Վիեննայում կայացած հանդիպումից հետո եռանախագահող երկրների կողմից հրապարակվել է, թե ինչ են պայմանավորվել:
«Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, դրա համար էլ եռակողմ եղավ: Այս հայտարարության մեջ շատ հստակ նշված են այն պայմանավորվածությունները, հանձնառությունները, որոնք վերցրել են կողմերը: Այնտեղ հստակ նշվում է 94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, նաև նշվում է զինադադարի հետաքննման մեխանիզմների ներդրման կարևորության մասին և այն, որ ընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները: Նաև ասվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ըստ պայմանավորվածության, կլինի հունիսին»,- ասաց նախարարը` հավելելով, որ առաջիկայում կայանալիք` բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանդիպման վայրը դեռ չի ճշտվել:
«Պարզ է, որ այդ բանակցությունների սկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Դրանք նախապայմաններ չեն, այլ խոսվում է այն մասին, որ բանակցությունների համար ստեղծվեն համապատասխան պայմաններ, և այդ պայմանների մասին խոսեցին հենց եռանախագահողները, և պարտավորություններ վերցրեցին կողմերը»,- ասաց Նալբանդյանը և ընդգծեց. «Պետք է ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը և ԵԱՀԿ ներկայացուցչի անձնական գրասենյակի կամ նրա թիմի կարողությունները ընդլայնվեն, և բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ»:
Նալբանդյանի խոսքով`հունիսի սկզբին նախատեսվում է, որ ԵԱՀԿ համանախագահողների հետ առանձին հանդիպումներ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
«Միգուցե այդ հանդիպումների ժամանակ շարունակվեն քննարկվել այդ հնարավորությունները և լիակատար իրականացվեն պարտականությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում: Դա հնարավորություն կտա հարթելու ճանապարհը դեպի ապագա բանակցությունների փուլ, եթե` ոչ, ապա հնարավոր է, որ լինի ավելի բարձր մակարդակի հանդիպում: Այս հայտարարության մեջ նշված չէր` ինչ մակարդակի մասին է խոսքը, բայց բացառված չէ` եթե բոլոր պահանջները գտնվեն և նախատեսվի այդպիսի հանդիպման հնարավորություն, կարող է լինել նաև այդպիսի հանդիպում»,- ասաց նա:
Նալբանդյանի խոսքով` այս պահին որևէ ստորագրության մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլ նաև` անիմաստ:
Նաիրա Զոհրաբյանը նաև հարցրեց, թե ո՞ր փուլում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Արտգործնախարարը պատասխանեց, որ հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից:
Հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ են խոշտանգված զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի դեմ ներկայացված տարբեր հայցերը ՄԻԵԴ-ում, Նալբանդյանը պատասխանեց, որ խնդրի մասին, իհարկե, բարձրաձայնում են:
«Մեկ կառույց մատնանշեցիք դուք, բայց կան բազմաթիվ այլ կառույցներ, որոնք զբաղում են մարդու իրավունքներով, և, իհարկե, Հայաստանը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները: Հուսով ենք համապատասխան արձագանքներ կլինեն այդ կառույցների կողմից»,- ասաց նա: