Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Երևանում տեղադրվել էր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը, իսկ այսօր` Գարեգին Նժդեհի:
Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Նարեկ Դուրյանը նշեց, որ, դեռ Սովետական միության ժամանակից սկսած, մեր քանդակագործները մեծ անուն են ունեցել, ինչպես դերասանները, նկարիչները: Ըստ նրա` այլ հարց է, որ նույնատիպ են դարձնում արձանների շրջապատը:
«Ավետիք Իսահակյանի արձանը դրել են ու 4 կողմից կրպակներով խեղդել: Ես կրպակների դեմ ոչինչ չունեմ, եղբա'յր, բայց կարելի է դրանք ուրիշ տեղ դնել, չէ՞: Արձանի կարևորագույն ֆակտորներից մեկն այն է, թե որտեղ է այն տեղադրված: Հիմա` եթե Մայր Հայաստանի արձանը վերցնենք ու 4 շենքի մեջտեղում դնենք, չի նայվի, չէ՞: Արձանի տեղադրման տեղից արձանի խորությունն ես տեսնում: Ինչ հրաշալի է Մանթաշովի արձանի տեղը. ամեն անգամ անցնելիս չեմ կարողանում չկանգնել ու չնայել` բարդիները ոնց են հետ գնում, ու ինքը կառուցելով գալիս է առաջ: Հիմա` որ բերեն` կողքը մի հատ պերաշկիանոց դնեն, չի նայվի, չէ՞»,- ասաց Դուրյանը:
Նա նշեց նաև, որ իրեն դուր է եկավ Գարեգին Նժդեհի արձանը, արձանի տեղն էլ լավն է:
Հարցին, թե այսօր շատերը նշում են, որ մեր արձանները բոլորը նման են իրար, Դուրյանը պատասխանեց, թե հայկական ոճից է գալիս: «Ի՞նչ է նշանակում` նույնն են բոլոր արձանները, հայկական ոճ է: Եթե այդպես է` Ռենեսանսի իտալական դպրոցն ամբողջությամբ նույնն է: Հա'մ ասում են` նույնն է, հա'մ էլ, երբ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան անել, ասում են` լավը չի: Նույնը թատրոնում է, ասում են` նորություն չկա, մեկը նորություն է անում, ասում են` էս ինչ հիմարություն էր»,- ասաց մեր զրուցակիցը: