կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 17:27
Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկների հետ կապված խնդիրը կլուծվի դեկտեմբերին

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկների հետ կապված խնդիրը կլուծվի դեկտեմբերին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրեն դիմած` ապրիլյան պատերազմի մասնակիցների բարձրացրած հարցերին: «Երեկ ես հանդիպեցի ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Նրանք հարց էին բարձրացնում, որ իրենց զինվորական գրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին»,- ասել է նա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ որոշ զինկոմիսարիատներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվել: «Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Նրանց զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է իրենից ենթադրում «մարտական գործողություն» տերմինը զինգրքույկում ամրագրելը: Ի պատասխան՝ Բալայանը նշել է. «Մարտերի բռնվել»:

Հարցին արձագանքել է  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հորդորելով խնդիրը պահել ուշադրության կենտրոնում և տալ համապատասխան լուծումներ:

Գաբրիել Բալայանը վստահեցրել է, որ մինչ դեկտեմբերի 5-ը կլինեն նոր զինգրքույկներ, որոնցում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։