կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-21 12:05
Հասարակություն

Գարնանն առաջինը ծաղկող խատուտիկներից էլ սրվում են ալերգիաները

Գարնանն առաջինը ծաղկող խատուտիկներից էլ սրվում են ալերգիաները

Գարունը համարվում է ալերգիաների առավել արտահայտված շրջան, գարնանն առաջինը ծաղկող խատուտիկներից էլ սրվում են ալերգիաները. այսօր լրագրողներին հայտնեց «Արաբկիր» բժշկական համալիրի առողջության ինստիտուտի ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Ըստ նրա` ալերգիան արտահայտվում է հարբուխով, փռշտոցով, առաջանում է քոր` կոկորդում և ականջներում: Ալերգիան, ըստ մասնագետի, իմունային համակարգի պատասխանն է օտարածին մասնիկներին:

«Եթե մարդը մանկուց միկրոբների հետ չի «շփվում», հետո տարիների ընթացքում ալերգիա է ձեռք բերում: Փորձը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր ունեն քույր ու եղբայրներ և միասին են անցկացնում ժամանակը, ինչպես նաև նրանք, ովքեր հաճախում են մանկապարտեզ, ավելի քիչ է հավանական է, որ ալերգիա կունենան»,- ասաց Բաղդասարյանը:

Սեզոնային ալերգիան, ըստ նրա, մարդու մոտ մանկական տարիքից է առաջանում և արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմրությամբ, առաջանում է թեփ` գլխի շրջանում: Բաղդասարյանի հավաստմամբ` եթե ալերգիկ մարդը ձմռանը բուժվում է, գարնանը 50 տոկոսով պակասում են ախտանշանները, իսկ որոշ ժամանակ անց ալերգիան կարող է ընդհանրապես տեղի տալ:

Նա նշեց նաև, որ տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր ալերգիա ունեն, սակայն ալերգենը, որն առավել շատ է տարածված Հայաստանում, բուժելի է: Հայաստանում, ըստ մասնագետի, ալերգիայի վերջնական բուժման համար կան բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները: