կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 15:10
Հասարակություն

3 տնօրեն ազատվել է աշխատանքից, 3-ն էլ ստացել են խիստ նկատողություն

3 տնօրեն ազատվել է աշխատանքից, 3-ն էլ ստացել են խիստ նկատողություն

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր ՎՊ 2015թ. գործունեության քննարկումը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ վերջին չորս-հինգ տարիներին սոցիալական ոլորտը եղել է ՎՊ ուշադրության կենտրոնում: Նախարարը նշեց, որ այդ տարիների ընթացքում ՎՊ-ի հետ արդյունավետ են աշխատել, քանի որ երբ խոսվում է վերահսկողության մասին, պետք է նկատի ունենալ արդյունքի վրա հիմնված վերահսկողություն:

«Ժամանակին կենսաթոշակային ոլորտում կային խնդիրներ, որոնք համակարգային բնույթ ունեին, դրանց տրվեցին համակարգային լուծումներ` ստեղծելով նոր կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը նվազագույնի հասցրեց պատահական և միտումնավոր խախտումները: Ինչ վերաբերում է Կոտայքի ու Արագածոտնի մարզերում կատարված` ՎՊ ստուգումներին` ընտանեկան նպաստների մասով, դա քննարկվեց վարչապետի մոտ, եղան հանձնարարականներ մարզպետներին, նախարարությանը, արդյունքում` 3 տնօրեններ ազատվեցին աշխատանքից, 3 տնօրեններ ստացել են խիստ նկատողություն և ևս 11 աշխատակից ստացել է նկատողություն»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ առաջարկություններ են ներկայացվել կառավարությանը, որ այս խնդիրներին համակարգային լուծում տրվի:

Հիշեցնենք, որ սոցիալական ոլորտում ստուգումների արդյունքում Արագածոտնի ու Կոտայքի մարզերում հայտնաբերվել է 571 խախտում, որոնք կազմում են 105 միլիոն դրամ: Իշխան Զաքարյանի խոսքով` կառավարությունն արձագանքել է այս բացահայտումներին, զբաղեցրած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարներ, հարուցված է երկու քրեական գործ, գումարի մի մասը մարվել է, մի մասն էլ մարվելու է մաս-մաս` ըստ ժամանակացույցի: