Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` նախօրեին Վիեննայում կայացած հանդիպմանը: Նրա խոսքով` այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո, իսկ մի մասը` ոչ այնքան:
«Համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչ, որպես նախապայման, դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս կողմից, որի մասին շատ չխոսվեց երեկ, Ադրբեջանին տալ կամ առնվազն հնչեցնել այնպիսի տեսակետներ, որոնք Ադրբեջանին դուր կգան: Եթե մի կողմից փորձեցին ասել, որ իրենք կավելացնեն դիտորդական առաքելությունը և մոնիթորինգի մեխանիզմ ստեղծելու հարց դրեցին, մյուս կողմից` ՌԴ արտգործնախարար Լավրովն ասաց փուլային կերպով հարցը լուծելու մասին, սրանից առաջ էլ հաճախ ամերիկացի համանախագահողն էր ասում, այսպես ասած, համապարփակ համաձայնագիրը պատրաստելու մասին: Այսինքն` առանց սկզբունքների շուրջ համաձայնելու, արդեն սկսվեց պատրաստել այդ համապարփակ պայմանագիրը»,- ասաց Մանոյանը` հավելելով, որ սա Ադրբեջանին դուր գալու փորձ էր:
«Եթե հանկարծ պատահի այնպես, որ մինչև առաջիկա ամիս երկու նախագահները հանդիպեն, ենթադրաբար, այդ մոնիթորինգի մեխանիզմը ստեղծվելուց հետո արդեն բանակցությունները ընթանան կարծես Հայաստանի վրա ճնշումով, որպեսզի Հայաստանը համաձայնի սկսել պատրաստել այդ համապարփակ պայմանագիրը` առանց սկզբունքների շուրջ պայմանավորվածության գալու Ադրբեջանի հետ, սա, անշուշտ, մտահոգիչ է»,- ասաց նա` հավելելով, որ Վիեննայում կայացած հանդիպումն ավելի շատ միջնորդների մասնակցությամբ հանդիպում էր, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
«Միշտ չէ, որ համանախագահող երկրների արտգործնախարարները մասնակցում են նման բանակցությունների` միասնաբար: Համանախագահների` այսպիսի ֆորմատով բանակցություններին մասնակցելն աննախընթաց էր: Բավականին դժվար պետք է լիներ Հայաստանի համար չմասնակցել այդ հանդիպմանը: Մասնակցելուց հետո հայկական կողմի բարձրացրած հարցերը ճիշտ շեշտադրումներով եղել են, բայց մտահոգիչը շարունակությունն է, նախ` արդյո՞ք կհարգի Ադրբեջանը այդ մասը, բայց եթե նույնիսկ հարգեց, և մենք անցանք բանակցությունների, այդտեղ ևս կան մտահոգիչ հավանականություններ»,- ընդգծեց Մանոյանը: