կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 19:25
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտահոգիչը՝ մշակույթում

Մշակութային տարին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է՝ մեծ մասամբ անդրադառնալով իր պաշտոնավարման 6 ամիսներին՝ հայտնում է Yerkir.am-ը:  Կինոյի, թատրոնի, երաժշտության ոլորտների կառավարման պատասխանատու փոխնախարարը  անդրադարձել է լրագրողներին հուզող խնդրահարույց հարցերին: Օրինակ՝ ինչ ճակատագիր է սպասվում կոմպոզիտորների միության Դիլիջանի տանը: Խիտ անտառի գողտրիկ գրկում այդ կառույցն ուղղակիորեն քայքայվում է: Պետությունը միջոցներ չունի, իսկ մասնավորին ներգրավելու համար դեռևս հստակ ծրագրեր չկան: «Դիլիջանի կոմպոզիտորների միության տունը հսկայական կապիտալ է, որ կապիտալացված չէ»,- նշեց փոխնախարարը:

   Նա տեղեկացրեց, որ թատերական ներկայացումների դրամաշնորհների տրամադրման  կարգը փոխվել է. բեմադրության  էսքիզը, երաժշտությունը, այլ տարրեր ևս պետք է  նախապես ներկայացվեն: Չափանիշներն այնքան խիստ են, որ դրամաշնորհի ակնկալիք ունեցող հեղինակները ստիպված են լինելու դիմել պրոֆեսիոնալ կազմակերպությունների: «Զուտ լավ գաղափարը բավական չէ  դրամաշնորհ ստանալու համար, որովհետև հաճախ ունենում ենք  լավ գաղափար և անորակ արդյունք: Դրա համար պետք է համագործակցել պրոֆեսիոնալների, մարկետինգային կազմակերպությունների հետ: Պետական միջոցներ են ծախսվում.  պետք է լինել խստապահանջ»,- ասաց Արա Խզմալյանը:

    Արդեն բնավորություն է դարձել. թատրոնի մարդիկ միշտ բողոքում են, թե հանդիսատես չունեն: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ մեղավորն իրենք են. տասնամյակներ շարունակ պետությունից գումար են ստացել, ներկայացումներ բեմադրել, պրեմիերային հրավիրել մշակույթի ոլորտի պատասխանատուներին, արվեստագետներին, հրավիրատոմսերով դահլիճ լցրել: Բեմադրող ռեժիսորին ու դերասաններին արհեստական լայն ժպիտներով շնորհավորելուց հետո պրեմիերայի հանդիսատեսը, թատրոնից դուրս գալով,   խոստովանել է, որ իրականում անհաջող, չստացված ներկայացում էր: Ու այսպես տասնյակ ներկայացումներ՝ բազմաթիվ թատրոններում: Ապաշնորհ ռեժիսորների հերթական վատ ներկայացումը ներել ու հանդուրժել են թե՛ մշակույթի նախարարությունը, թե՛ հանրությունը: Պետական միջոցների մսխման պարզ, սովորական քաղաքականություն:  Նույնը տեղի է ունեցել կինոյի ոլորտում:  Ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ շարունակ պետբյուջեի ֆինանսավորմամբ ֆիլմեր են նկարվել, մեկ անգամ՝ պրեմիերային, էկրան բարձրացվել ու վերջ: Այնինչ թե՛ ներկայացումների, թե՛ ֆիլմերի վրա միլիոններ են ծախսվել, որոնք  գանձվում են   ՀՀ քաղաքացիների  աշխատավարձերից: Դրամաշնորհների նոր կարգ, հայտերի ընդունման խիստ չափանիշներ. մշակույթի ոլորտի պատասխանատուների հավաստիացումները բարեփոխումների մասին առարկայական են դառնում, երբ հանրությունը սեփական աչքերով է տեսնում բարեփոխումները՝ որակյալ ներկայացում, որակյալ ֆիլմ:

    Իսկ ի՞նչ է սպասվում մինչ այժմ նկարահանված ու դարակներում պահվող ֆիլմերին, որոնք դարձյալ պետբյուջեի ֆինանսավորմամբ են նկարահանվել ու կարճ, ընդամենը պրեմիերային կյանք ունեցել: Օրինակ՝ 2 տարի առաջ Վիգեն Չալդրանյանը նկարահանեց «Վարդապետի լռությունը» ֆիլմը: Հակասական կարծիքներ եղան ֆիլմի մասին, ասում են՝ ռեժիսորը նեղացավ ու գնաց ԱՄՆ: «Վարդապետի լռությունից» հետո լռություն տիրեց: Ֆիլմը քչերն են դիտել, թեև շատերն են ցանկանում տեսնել, թե իրենց հարկերով ինչ ֆիլմ է նկարել Վիգեն Չալդրանյանը: Ի վերջո, հանրությունը դրա իրավունքն ունի: Պետբյուջեով նկարահանված ֆիլմերը հանրությանը հասանելի դարձնելու  կարգ պետք է սահմանել, պետական մոտեցում մշակել: Մասնավոր ընկերությունների  մասնավոր գումարներով ֆիլմերը կարող են դառնալ դրամարկղային, բայց պետական փողերով նկարահանված ֆիլմերը հանրությանը հասցնելու համար շահույթ չհետապնդող քաղաքականություն է պետք: Ու դա պետք է վերաբերի նաև նախկինում նկարահանված ֆիլմերին: Ի դեպ, «Վարդապետի լռությունը» Կոմիտասին է նվիրված, իսկ այս տարի Կոմիտասի 150 ամյակն է:   

   Մեր մշակութային կյանքն առողջացնելու, ապակենտրոնացնելու կարիք կա: Մեր հայացքը պետք է շատ հաճախ ուղղվի դեպի մարզեր, հեռավոր գյուղեր, որտեղ երեխան չափահաս է դառնում՝ այդպես էլ թատրոն ու կինո, համերգ ու օպերա չտեսած:

Նաիր Յան