կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 13:27
Քաղաքական

Սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է. Կիրո Մանոյան

Սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքացիական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուրիշ բան չէր կարելի սպասել Բելառուսի Գերագույն դատարանից: «Պարզ էր, թե ինչ կարելի է սպասել Բելառուսի Գերագույն դատարանից. սա  Բելառուսն է,  ի վերջո»,- ասաց նա:

Ըստ Մանոյանի` սա Բելառուսի  կողմից Ադրբեջանի հետ հակահայ մեղսակցության շարունակությունն է, ինչը մենք տեսել ենք և' ՀԱՊԿ-ում, և' ԱՊՀ-ի որոշ ժողովների ընթացքում:

Նրա խոսքով` կարևոր է, որ այս հարցը ճիշտ հանգուցալուծում ունենա. հնարավորություն կա, որ Լապշինը դիմի ՄԻԵԴ: Մյուս կողմից` անհրաժեշտ է, որ այս հարցը մեր տեսանկյունից բարվոք լուծում ստանա, որովհետև այս նախադեպը կարող է վատ նախընթաց լինել այլազգի լրագրողների և նույնիսկ քաղաքական գործիչների համար, ովքեր կցանկանան այցելել Արցախ:

Մանոյանը նշեց, որ Հայաստանը, որպես պետություն, այնքան էլ շատ անելիք չունի, քանի որ ենթական ՀՀ քաղաքացի չ`, Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չէ: Ըստ նրա` Հայաստանը պետք է պարզապես փորձի հնարավորինս բարձրաձայնել իր անհանգստությունը, որ նման քայլերը ոչ մի ձևով խաղաղ կարգավորմանը չեն նպաստի: Մանոյանը կարծիք հայտնեց, որ պետք է ձայն բարձրացնեն մեր հասարակությունը և քաղաքական շրջանակները: «Հիմա պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի և Բելառուսի միջև, որովհետև այս հարցում առնվազն երկուսն էլ նույն բանն են»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով` մեր խորհրդարանականները պետք է բարձրացնեն այս հարցը խորհրդարանական տարբեր վեհաժողովներում, բայց անհրաժեշտ է նաև խրախուսել, որպեսզի դիմվի ՄԻԵԴ, և ավելի աղմուկ բարձրացնել արտասահմանում: