Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշին: Հայկական ստորաբաժանումներն ու կամավորական խմբերը, չորս ուղղությամբ համաժամանակյա մարտեր վարելով, որոնք տևեցին մոտ 26 ժամ, մայիսի 9-ի վաղ առավոտյան ամբողջովին ազատագրեցին Շուշի բերդաքաղաքն ու Շուշիի և Ասկերանի շրջանի՝ հակառակորդի կողմից զբաղեցված մի շարք գյուղեր ու կրակակետեր։
PanARMENIAN.Net ը վերականգնում է գործողության մոտավոր ժամանակագրությունը` լրատվական ֆորմատով:
11:33 Մայիսի 9-ի վաղ առավոտյան՝ լուսաբացից առաջ, հայկական ստորաբաժանումները Շուշիի ստորին թաղամասերը «սանրելով» հասել են քաղաքի կենտրոն՝ Ղազանչեցոց եկեղեցի։ Թշնամու վերջին մնացորդները գիշերվա ընթացքում փախչել են քաղաքից։ ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է։
Հակառակորդը, զենք-զինամթերք թողնելով, ամբողջովին նահանջել է նաև Շուշիի հյուսիսարևմտյան ուղղություններից։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան, այլես ի վիճակի չլինելով լուրջ դիմադրություն ցույց տալ գրոհող հայ ազատամարտիկներին, հակառակորդը հարկադրաբար լքել է Կարագյավը և Քյոսալարը։ Շատ արագ ճնշվել են նաև ադրբեջանցիների դիմադրության մյուս բոլոր կետերը։
Ցավոք, մարտերում զոհվել է 57 հայ զինծառայող, շուրջ 60 հոգի` վիրավորվել։ Հակառակորդի մարդկային կորուստները ավելի մեծ են՝ մոտ 250-300 սպանված, ավելի քան 600 վիրավոր, 13 գերի։
23:58 Երեկոյան կողմ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Հայկական կողմը պատրաստվում է հակառակորդի դիրքերին վերջին հարվածը հասցնելով՝ մարտական գործողությունները տեղափոխել բուն քաղաքի տարածք։ Հետախուզական տվյալներով ադրբեջանական ուժերի շրջանում լիակատար խուճապ է․ Շուշիից փախչելու և դեպի Լաչին նահանջելու վերաբերյալ տվյալներ են ստացվում։
22:12 Ջանհասան-Քյոսալար շրջանում օրվա ընթացքում թեժ մարտեր են ընթացել։ Հայկական պահեստային ուժերի (հրամանատար՝ Յու․ Հովհաննիսյան) ստորաբաժանումները կազմակերպված դիմադրության շնորհիվ փակել են Ջանհասանից դեպի Շուշի ադրբեջանական օգնական ուժերի ճանապարհը։
20:50 Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ գրոհող 4-րդ վաշտը (հրամանատար՝ Յուրի Պողոսյան) Շոշի ուղղությունից միացած ջոկատների հետ համատեղ, 6-րդ և հետախուզական վաշտերը կարողացել են հակառակորդից մաքրել Շուշիի մատույցներում գտնվող ավտոբազայի և երաժշտական գործիքների գործարանի տարածքը և շարժվել դեպի քաղաք։ Հակառակորդը հայկական ուժերի դեմ ուղղաթիռով հարվածներ է հասցրել, բայց ապարդյուն։ Առգրավվել է երկու հակատանկային թնդանոթ։
18:46 Հակառակորդը, վերախմբավորելով ուժերը և Շուշիից օժանդակ ուժեր ստանալով, Ջանհասան-Քյոսալարի ուղղությամբ անցել է հակահարձակման։ Հայկական ուժերն անցել են կազմակերպված շրջանաձև պաշտպանության։ Կան զոհեր։ Արևելյան ուղղությամբ ստորաբաժանումները հրետանային ու ականանետային կրակի աջակցությամբ ընդհուպ մոտեցել են Շուշիի մատույցներին։ Դիրքային պաշտպանական մարտեր են մղվում բանտի և բերդապարիսպների շրջանում։
17:40 Հայտնի է դարձել, որ մայիսի 8-ին՝ կեսօրից հետո, մարտերը շարունակվել են բոլոր ուղղություններով։ Լաչինի ուղղությամբ գրոհող ստորաբաժանումները՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, դաշնակցականների ջոկատները դուրս են եկել Լաչին-Շուշի մայրուղու մատույցները և լիովին վերահսկում են այն՝ այդպիսով ձախողելով Լաչինի կողմից դեպի Շուշի օգնական ուժեր ուղարկելու ադրբեջանցիների բոլոր հնարավորությունները, միաժամանակ նաև սպառնալով կտրել հակառակարոդի նահանջի ճանապարհը։
17:35 Շոշի ուղղությամբ դեպի Շուշի գրոհը զարգանում է միանգամից երեք ենթաուղղություններով։ Կենտրոնում 1-ին վաշտի (հրամանատար՝ Աշոտ Ղուլյան) մարտիկները շարժվում են Շուշիի բանտի ուղղությամբ։ Ձախ թևով գրոհող ուժերը (հրամանատար՝ Արգամ Հարությունյան) դժվարանցանելի ժայռոտ տեղանքով շարժվում են քաղաքի հյուսիս-արևելյան մատույցների ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 10 վիրավոր։ Աջ թևով գրոհող ստորաբաժանումները կարևոր նշանակության բարձունք են գրավել Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ձախ կողմում, հակառակորդը դիմել է փախուստի։
17:12 Հյուսիս-արևմտյան ուղղությամբ գրոհող Բադարա և Բալլուջա (Այգեստան) գյուղերի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին ու կամավորական ջոկատներին Ս․ Օհանյանի ընդհանուր հրամանատարությամբ հաջողվել է ոչնչացնել ու տիրել Ջանհասանի կրակակետին, ինչպես նաև վերահսկողության տակ առնել դեպի Կարագյավ և Քյոսալար տանող ճանապարհները։ Առգրավվել է երեք հրանոթ։
16:36 Ստեփանակերտից հայտնում են, որ մայիսի 8-ի առավոտյան հայկական կողմը 1 տանկ է կորցրել Շուշիի մատույցներում, ինչի պատճառով գրոհը ժամանակավորապես դադարեցվել է: Առաջին (հյուսիսային) ուղղությամբ դիրքային մարտեր են մղվում Ստեփանակերտ-Շուշի մայրուղու երկայնքով և այն հսկող մերձակա բլուրների շրջանում։ Հակառակորդը բետոնե բլոկներով փակել է մայրուղին ու ականապատել, հայկական ուժերն ու զրահատեխնիկան այդ հատվածը շրջանցելով՝ շարունակել են գրոհը։
15:57 Հայտնի է դարձել, որ հայկական կողմը գրոհել է Շուշիի հյուսիսային՝ Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ (հրամանատար՝ Վալերի Չիթչյան), արևելյան ուղղությամբ՝ Շոշ գյուղի կողմից (հրամանատար՝ Արկադի Կարապետյան), հարավային՝ Լաչինի ուղղությամբ (հրամանատար՝ Սամվել Բաբայան) և հյուսիս-արևմտյան՝ Ջանհասան-Քյոսալարի ուղղությամբ (հրամանատար՝ Սեյրան Օհանյան)։
14:42 Հայկական կողմի գիշերային անակնկալ գրոհը խուճապի է մատնել հակառակորդին։ Ըստ հետախուզության տվյալների՝ Շուշիում և դրա պաշտպանական թևերում հակառակորդը կենտրոնացրել էր մոտ 2500 զինվոր ու սպա, որից միայն 1200 մարդ՝ Շուշիում, Զառիսլու գյուղում՝ մոտ 100, Լիսագորում՝ մոտ 300-350, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։ Հայկական ուժերի առջև խնդիր է դրված չեզոքացնել ադրբեջանական կրակակետերը, զրկել հակառակորդին ուժերի համալրման ու վերախմբավորման հնարավորությունից։
13:52 Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկրի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդությամբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները լարված մթնոլորտում են ընթացել: Ադրբեջնական կողմը մեղադրել է Հայաստանին զինադադարի մասին բանակցությունների ընթացքում Շուշին գրոհելու մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանը, իր հերթին, հայտարարում է, թե ղարաբաղյան կողմը գործում է սեփական նախաձեռնությամբ:
12:40 Հայտնի է դարձել, որ գիշերվա ընթացքում ԻՊՈւ ստորաբաժանումները գրոհով տիրել են նաև Քիրս լեռան շրջանում և Լիսագոր և Զառիսլու գյուղերի շուրջ տեղակայված հակառակորդի կարևոր հենակետերին՝ առգրավելով մեծ քանակությամբ սպառազինություն ու զինամթերք (1 ԲՄ-21 կայանք, 1 տանկ և 4 ՀՄՄ) և վերահսկողություն հաստատելով Լաչին-Շուշի մայրուղու և շրջակա իշխող բարձունքների վրա։ Ադրբեջանցիները, մեծաքանակ զոհեր տալով, խուճապահար նահանջել են դեպի Լիսագոր։
11:50 Հայկական ուժերը ականանետային կրակ են բացել նաև Ասկերանի շրջանի Ջանհասան գյուղի ուղղությամբ՝ ճնշելով այդ շրջանում տեղակայված հակառակորդի կրակակետերը և թույլ չտալով դրանց հարվածել Շուշին գրոհող հայկական ուժերին․ այդ ուղղությամբ ևս բարեհաջող գրոհ է զարգանում։
11:09 Ադրբեջանցիները գիշերային մարտերի ընթացքում զոհեր տալով նահանջել են դեպի Շուշիին հարող հենակետեր, հակառակորդը կորցրել է 1 ՀՄՄ և 1 զրահամեքենա։
10:25 Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում հայկական կողմը հրետանային նախապատրաստությունից հետո անցել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայկական բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական կրակակետերի ոչնչացմանը: Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերը կամավորական ջոկատների հետ միասին (ԻՊՈւ հրամանատար գնդապետ Ա․ Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ) ժամեր շարունակ թեժ մարտեր են մղում՝ հակառակորդի գերազանցող ուժերի դեմ գրոհը միաժամանակ զարգացնելով տարբեր ուղղություններով։ Առավոտվա դրությամբ մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ են ազատագրվել Ստեփանակերտ-Շուշի մայրուղու և Շոշ գյուղի ուղղություններով։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը ԲՄ-21 «Գրադ» կայանքից համազարկային հարվածներ են հասցրել նաև Շուշիում տեղակայված ադրբեջանական հենակետերի ուղղությամբ։
Ըստ PanARMENIAN.Net-ի