կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 21:29
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանի «ռևերանսները»` Ստեփանակերտից

Տեր-Պետրոսյանի «ռևերանսները»` Ստեփանակերտից

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես խոստացել էր ավելի վաղ, այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը նշել է, որ քննարկել են այսօր օրակարգում առկա բոլոր հուզող հարցերը՝ թերևս նկատի ունենալով ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։ Թե կոնկրետ ինչ նպատակ ուներ այդ հանդիպումը, ինչ է Բակո Սահակյանին ասել առաջին նախագահը, իհարկե, չի մանրամասնվում։ Նշենք միայն, որ մինչ ԼՂՀ նախագահին հանդիպելը, դեռևս ապրիլի 9-ին, ղարաբաղյան քառօրյա թեժ մարտերից փաստորեն գրեթե անմիջապես հետո, Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ունի ուրույն պատկերացումներ, որոնք դեռևս նրա պաշտոնավարման շրջանում արդեն որակվել էին որպես պարտվողական։ Կարգավորման վերաբերյալ իր հայացքները նա հստակ շարադրել էր 1997թ․ տպագրած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում, որով փորձ է անում հանրությանը համոզել, որ այդ պահին միջնորդների կողմից ներկայացված այսպես կոչված «փուլային կարգավորումը» չարյաց փոքրագույնն է հայ ժողովրդի համար և այն պետք է ընդունել։ Անցած տարիներին իր այս տեսակետը նա գրեթե չի փոխել։

Տեր-Պետրոսյանի վերջին ակտիվացումը և հայկական երկու պետությունների ղեկավարների հետ այսպես կոչված «մաքոքային դիվանագիտության» բանեցումն ուղղակիորեն համընկան ապրիլյան բախումներից հետո Ռուսաստանի միջնորդական առաքելության ակտիվացմանը և ռուսական ոչ պաշտոնական շրջանակների կողմից ԼՂ կարգավորման այսպես կոչված «Լավրովի պլանի» շրջանառության մեջ դրվելուն զուգահեռ։ Այդ «պլանը» կամ առաջարկությունների փաթեթը, որի գոյությունը Բաքուն ընդունում է, Երևանը՝ ժխտում, դատելով ռուսական կրեմլամերձ թերթերի հրապարակումներից` ևս հիմնված է փուլային կարգավորման սկզբունքի վրա։

 Զուտ արտաքուստ տպավորություն է ստեղծվում, թե Տեր-Պետրոսյանն իսկապես նախ Սերժ Սարգսյանին, ապա նաև «չորկող ղարաբաղցի» Բակո Սահակյանին փորձում է համոզել ավելի մեծ արհավիրքից՝ պատերազմից խուսափելու համար գնալ ռուսական կողմի ակնկալած կամ գուցե պահանջած տարածքային զիջումներին։ Սակայն Սահակյանի հետ հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը «Ազատությանը» տված հացրազրույցում այնպիսի հայտարարություն է արել, որը, ըստ էության, լրիվ հակասում է այս տեսակետին։ «Գիտեք և' Հայաստանի և' ԼՂՀ իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը… Իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,-ասել է նա։

 Ինչի մասին է ակնարկում առաջին նախագահը։

Նախ, Հայաստանի, ապա նաև ԼՂՀ-ի իշխանությունների վերջին օրերի պահվածքի վերլուծությունը ցույց  է տալիս, որ հայկական կողմը զգալիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և ըստ էության, հանդես է գալիս ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունները շարունակելու նախապայմաններով՝ կապված հրադադարի ռեժիմի պահպանումը միջազգային հանրության կողմից ցանկացած գնով Ադրբեջանին պարտադրելու հետ։ ԼՂՀ վարչապետը, ում հետ Տեր-Պետրոսյանը հանդիպել էր նախօրեին, հայտարարել է, թե իրենք պատրաստ են փոխզիջումներին, բայց ոչ տարածքներ հանձնելուն։ Ավելի պարզ ասած՝ հայկական կողմը շատ հստակ ցույց է տալիս, որ պատերազմից չի վախենում և որ իր նկատմամբ կիրառվող շանտաժը որևէ արդյունք չի տալու։ Եվ ահա ստացվում է, որ Երևանի և Ստեփանակերտի հենց այսպիսի ուղեգծի որդեգրումն է առաջին նախագահը համարում «զուսպ, հաստատակամ» և որ շատ ավելի էական է՝ «առկա իրավիճակից բխող»։ Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանն արդարացնում է այս քաղաքականությունը, որը, գոնե այս պահին, բացարձակ չի տեղավորվում պարտվողական, զիջողական տրամադրությունների համատեքստում։

Սա թույլ է տալիս կատարելու մի քանի հետևություն։ Նախ՝ թերևս Տեր-Պետրոսյանի համար էլ արդեն հասանալի է դարձել, որ առկա իրավիճակում, երբ հակառակորդը հսկայական զինուժ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով և ակնհայտ հարձակման է պատրաստվում, որևէ բանակցության, առավելևս զիջման մասին խոսելը նշանակելու է սեփական կապիտուլյացիայի ընդունում, և Բաքվին թույլ է տալու հայկական կողմի առջև պատերազմի սպառնալիքի ներքո անդադար նորանոր պահանջներ առաջադրել։

Երկրորդ՝  Տեր-Պետրոսյանի նման մեկնաբանությունները, անկախ ամեն ինչից, ներկայիս ճակատագրական, իսկապես պատմական պահին կարող են և թերևս պետք է ընկալվեն որպես ներհասարակական, ներքաղաքական համադաշնության, համախոհության և ազգային միասնականության դրսևորում։

Երրորդ՝ այդ մեկնաբանությունները նաև պետք է ընկալել ոչ միայն իբրև իշխանություններին համերաշխություն հայտնելու դրսևորում, այլ նաև նրանց հետ պատասխանատվությունը կիսելու ոչ թե նույնիսկ պատրաստակամություն, այլև ընդհուպ իրողություն։ 

Չորրորդ՝ Տեր-Պետրոսյանը, Հայաստանի և Արցախի «մտահոգությունները, վստահությունն ու հաստատակամությունը» դիտարկելով ընդհանրության մեջ, փորձում է ցույց տալ, որ Երևանի և Ստեփանակերտի միջև իրականում որևէ հակասություն չկա, և նրանք գործում են փոխհամաձայնեցված և սինքրոն։ Այս ակնարկը հատկապես ակտուալ է այն իմաստով, որ որոշ շրջանակներում շրջանառության մեջ է դրվում զիջումների գնալու հարցում Երևանի և Ստեփանակերտի միջև առկա լուրջ հակասությունների մասին թեզը։  

Հինգերորդ՝ այս մեկնաբանություններն, իհարկե, չեն նշանակում, թե Տեր-Պետրոսյանը կտրուկ փոխել է իր աշխարհընկալումներն ու համոզմունքները և դարձել «մաքսիմալիստ», ինչում նա մեղադրում էր «ոչ մի թիզ հող» գաղափարաբանությամբ առաջնորդվողներին։ Չի բացառվում, որ իշխանությունների զսպվածության, իրավիճակից բխող ռացիոնալ որոշումներ ընդունելու մասին նրա «հաճոյախոսությունները» միտված են ցույց տալու, որ ամեն դեպքում ոչ միայն հայաստանյան, այլ նաև ղարաբաղյան իշխանություններն են հակված փոխզիջումներին, եթե դրա համար ստեղծվեն բանակցային բավարար պայմաններ, և եթե Բաքուն ինքը իրական փոխզիջումային լուծումների տրամաբանությամբ առաջնորդվելու կամք ցուցաբերի։ Սա առավելապես ուղղված է արտաքին լսարանին, միջազգային հանրությանը։

Գևորգ Դարբինյան