կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 18:39
Առանց Կատեգորիա

Զգուշացե´ք ղարաբաղյան կրակից, պարոնա´յք ֆրակավորներ

Զգուշացե´ք ղարաբաղյան կրակից, պարոնա´յք ֆրակավորներ

ԼՂՀ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հաղորդել էր, որ, ի տարբերություն նախորդ օրերի, մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծում հիմնականում պահպանվել է հրադադարը, արձանագրվել են միայն հրաձգային կրակոցներ։ Սակայն կեսօրին տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ առաջնագծի տարբեր ուղղություններում արձանագրվել են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

Մայիսի առաջին տասնօրյակում հակառակորդի ակտիվացումը սպասելի է։ Սակայն ապրիլյան պատերազմական գործողությունների և հատկապես` սահմանագծին այս օրերին տիրող հարաբերական անդորրի ֆոնին այս կուտակումներն ու տեղաշարժերը ձեռք են բերում բոլորովին նոր բնույթ, առավել ևս` եթե հաշվի առնենք, որ սա ուղեկցվում է որևէ տեսակի, անգամ` միջնորդավորված բանակցությունների բացակայությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ անորոշությունն ու լարվածությունը հասել են կիզակետին, և միայն մեկ կայծ է պակասում նոր պայթյունի համար։

Այս ամենի ֆոնին չափազանց տարօրինակ է թվում միջազգային հանրության և առավելապես Արևմուտքի դրսևորած պասիվ սպասողականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնվել է բացարձակ անգործության, իսկ առավելագույնը, ինչ անում են համանախագահող երկրները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով իրար մեջ ԼՂ հարցի հընթացս քննարկումն է և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու մասին կողմերին հերթապահ կոչեր ուղղելը։

Այնպիսի տպավորություն է, որ թե' Ռուսաստանը և թե' Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, պարզապես կողքի են քաշվել և հարցի լուծումը թողել հակամարտող երեք կողմերին՝ շատ լավ հասկանալով, որ եթե նրանք շփման գծից զորքերը և ծանր զինտեխնիկան ոչ միայն չեն հեռացնում, այլև գնում են նոր կուտակումների ու ուժերի վերադասավորումների, նշանակում է` պատրաստվում են բոլորովին այլ բանի։ Հարց է առաջանում՝ ո՞րն է պատերազմի ահագնացող վտանգին ընդառաջ բանակցություններից ձեռքերը լվանալու` Արևմուտքի դրսևորած այս հանգստության և անտարբերության պատճառը։ Իրականում կարելի է ընդգծել ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառներ։

Առաջին՝ ապրիլի 2-5-ի պատերազմը վերջնականապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին համոզեց, որ ոչ միայն իրենց ձևաչափն է ձախողվել, այլ նաև բանակցային գործընթացը` ընդհանրապես։ Իսկ երբ Հայաստանը կտրուկ հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակ է փոխվել, և որևէ բանակցության մասնակցություն նպատակահարմար չի համարում, քանի դեռ Բաքվին չեն ճանաչել այդ իրադարձությունների իրական պատասխանատուն, նրանց համար պարզ դարձավ, որ վերահսկողությունից դուրս են թողել թե' Բաքվին և թե' Երևանին։ Մի կողմից չկան նոր գաղափարներ՝ կողմերին նոր բանակցային գործընթաց առաջարկելու համար, մյուս կողմից չկա նրանց խաղաղություն պարտադրելու բավարար ռեսուրս, քանի որ կողմերից որևէ մեկը, ըստ էության, զիջման գնալ չի ցանկանում։ Արդյունքում` ԵԱՀԿ ՄԽ-ն պարզապես չգիտի՝ ինչ անել։

Երկրորդ՝ ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ։ Վաշինգտոնը գնալով ավելի է թուլացնում ուշադրությունը և հետաքրքրությունն արտաքին հիմնահարցերի նկատմամբ։ Նման շրջափուլերում Վաշինգտոնը, սովորաբար, միացնում է «ավտոպիլոտը» և իներցիայի ուժով փորձում ընդամենը պահպանել համաշխարհային ստատուս քվոն՝ վարչակազմի և իշխող կուսակցության համար ընտրությունների նախաշեմին ավելորդ խնդիրներ չստեղծելու, հնարավոր սխալներից խուսափելու նկատառումով։ Եվ ԱՄՆ-ի այս կուրսն իր զգալի ազդեցությունն է ունենում համաշխարհային քաղաքականության, տվյալ դեպքում` նաև ԼՂ հիմնահարցի շուրջ ստեղծված իրադրության վրա։

Երրորդ և թերևս ամենակարևոր պատճառը Ռուսաստանն է։ Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմի առաջին սուր փուլից հետո հանդես գալով շփման գծում կրակի դադարեցման նախաձեռնողի, հարաբերական կայունության պահպանման երաշխավորի և կարգավորման գործընթացը «տնօրինողի» դերում՝ Մոսկվան իր վրա չափաազանց մեծ պատասխանատվություն է վերցրել։ Ինչպիսին էլ լինի նրա «առաքելության» արդյունքը, Արևմուտքի համար լինելու է ձեռնտու։ Եթե Ռուսաստանը հասնի հակամարտող կողմերից մեկի էական զիջումների գնով տևական խաղաղության հաստատմանը, ապա կկորցնի այդ կողմին ընդհանրապես՝ լինի դա Հայաստանը, թե` Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում տևական խաղաղություն կհաստատվի։ Եթե դա լինի Հայաստանի շահերի զոհաբերման հաշվին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար նույնիսկ շատ ավելի լավ, որովհետև դրանով Մոսկվան ուղղակի կկորցնի հարավկովկասյան իր վերջին հենակետը։ Հիմնական գործոնը, որը Երևանին ստիպում է մնալ Մոսկվայից կաշկանդված, անվտանգության երաշխավորման հետ կապված հույսերն էին, որոնք,  փաստորեն, հօդս են ցնդում փուչիկի նման։ Դրանից հետո Հայաստանի եվրոպականացումը դառնում է շատ ավելի դյուրին։ Իսկ եթե Ռուսաստանը տապալվի, և խնդիրը տեղափոխվի ռազմաճակատ, ապա դա մի կողմից հարված կհասցնի Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, իսկ մյուս կողմից, այնուամենայնիվ, ԼՂ հարցում կփոխի ստատուս քվոն և նոր քաղաքական գործընթացի հիմք կդրվի՝ արդեն ռազմաճակատում հաղթող կամ տակտիկական առավելություն ստացող կողմի քաղաքական դիրքերի լուրջ ամրապնդման պարագայում։ Դա թույլ կտա մյուս կողմին, լուրջ զիջումներ պարտադրելով, հարցին ինչ-որ լուծում տալ և տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել։

Արևմուտքին մեծ հաշվով ոչ թե հետաքրքրում է, թե ում օգտին կլուծվի հարցը, այլ որ հարցը որևէ լուծում ստանա։ Եթե կողմերն իրենք հարցի լուծման այլ ելք չեն տեսնում, քան պատերազմը, ապա` ինչու ոչ, կարելի է նաև դա արտոնել, մանավանդ` եթե այդ պատերազմում, այսպես, թե այնպես, պարտվող կողմերից է լինելու նաև Մոսկվան։

Միակ սկզբունքային կետը, որին Արևմուտքը երբեք անտարբեր չի լինի, խաղաղապահների տեղակայման հարցն է կամ Ռուսաստանին ԼՂ հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու հնարավորությունից զրկելը։ Իսկ այս հարցում Մոսկվան կաշկանդված է ՄԽ համանախագահության մանդատով։ Այսինքն` այս իմաստով Ռուսաստանի ներկայիս ակտիվությունը Արևմուտքին առանձնապես չի անհանգստացնում։

Որքան էլ ցինիկ է այս ամենը, սակայն սա է միջազգային քաղաքականության պրագմատիզմը։ Մի բան, թերևս, Վաշինգտոնում և Բրյուսելում հաշվի չեն առել հայկական և ադրբեջանական կողմերի միջև նման համահարթեցման և կեղծ չեզոքություն ցուցաբերելու քաղաքականությունն ընտրելիս` տպավորությունը, որ, անկախ ամեն ինչից, ցանկացած պահի կարող են հանգցնել կրակը, կարող է խաբուսիկ լինել։ Սա կրակ է, որը բռնկվել է անտառի կենտրոնում կուտակված, 22 տարի չորացած փայտի վրա, և այդ կրակը կարող է վերածվել այնպիսի հրդեհի, որը կարող է կուլ տալ ամբողջ անտառը՝  պոտենցիալ հանգցնողներով հանդերձ։ Ղարաբաղյան կրակի հետ խաղալ չի կարելի, պարոնա'յք։

Գևորգ Դարբինյան