կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 00:57
Հասարակություն

Հակառակորդի կրակից Այգեպարում 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Հակառակորդի կրակից Այգեպարում 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց եւ վիրահատել: Այս մասին տեղեկացնում է razm.info-ն:

 

Գնդակը դիպել է աղջկա ազդրին։ Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Այգեպարի` նրանց աղբյուրը: «Հակառակորդը նպատակաուղղված ինտենսիվ կրակում էր տներին, տանիքներին: Հետևում էինք, որ կրակոցներից հանկարծ հրդեհ չբռնկվի։ Այս պահին կրակոցները դադարել են»,- նշել է աղբյուրը:

 

Ներքին Կարմիրաղբյուր գյուղից կայքին պատմել են, որ հակառակորդը սկսել է ակտիվորեն կրակել մոտավորապես երեկոյան ժամը 21:00-ից: «Լիսերը ընդհանուր հնգցրել չեն: Ուղղակի ապահովությունից ելնելով` մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր»,- ասել է գյուղաբնակ Լորիս Չոբանյանը, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:

 

Tert.am կայքին տված մեկնաբանությունում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ հունվարի 23-ին ադրբեջանցիները պարբերաբար կրակել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: