Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանն առաջ է քաշել հիմնական այն երեք կետերը, որոնք անհրաժեշտ ու պարտադիր են բանակցությունների գործընթացը վերսկսելու համար. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Այդ կետերը բավական լուրջ արձագանքի են արժանացել միջազգային կառույցներում ու Մինսկի խմբի համանախագահ երկրներում: Ընդհանուր առմամբ` պահանջը հետևյալն է` որ ադրբեջանցիները հարգեն այն ստորագրությունը, որը դրվել է 94 թվականին ու վերահաստատվել 95 թվականին: Մենք պարզապես կոչ ենք անում, որ հրադադարը լինի կայուն»,- ասաց ՀՀԿ-ականը` հավելելով. «Մենք կոչ ենք արել Մինսկի խմբի երկրներին, այդ թվում` նաև Ադրբեջանին, որ մեզ երաշխիքներ են պետք, որ սա ոչ թե ժամանակավոր, այլ մշտական է: Իսկ մոնիթորինգի ու սարգավորումների տեղադրման հետ կապված էլ` վերջնական ու օբյեկտիվ պատասխան է անհրաժեշտ միջազգային կառույցների կողմից, որ բոլորն իմանան հետաքննության արդյունքները ու ֆիքսեն, թե ովքեր են սադրիչներն ու ահաբեկիչները»:
Բաղդասարյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը հենց սկզբից մերժում էր հետաքննություն անցկացնելու առաջարկը, որը, կարծես, հիմա քննարկման առարկա է դարձել: «Այդ երեք կետերն անհավանական չեն: Եթե այդ երեք կետերը բավարարվեն, ապա մենք դեմ չենք լինի բանակցելուն: Ես չեմ կարող անվստահելի ու անկանխատեսելի ադրբեջանցիների փոխարեն հստակ ասել, թե ինչ զարգացում կստանան առաջարկված երեք կետերը»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև օրերս ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի` հողերի հանձնման մասին հայտարարությանն ու ԼՂՀ խորհրդարանական պատգամավորների կողմից հնչեցրած քննադատություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե դուք ուշադրություն դարձնեք բառերին, ապա կտեսնեք, որ տիկին Նաղդալյանն ասել է, որ մեզ գրավյալ հողեր պետք չեն: Այն հողերը, որոնք մեր հսողության տակ են, դրանք մերն են, այսինքն` մենք ուրիշ հող չենք ուզում գրավել: Եթե լինի հնարավորություն, որպեսզի մենք հող գրավենք, ապա մենք ռազմատենչ որևէ հայտարարություն չենք անում»:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող են ԼՂՀ տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչները ևս անուշադիր լինել տիկնոջ բառերին, Բաղդասարյանը պատասխանեց. «Նկատենք` ԼՂՀ-ի ո՞ր պատգամավորներն են նման հայտարարություններ արել»:
Նա նաև նշեց, որ Նաղդալյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարությունից զրկելու մասին խոսք անգամ չկա կուսակցությունում, իսկ նախագահն էլ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որևէ նկատողություն չի արել Նաղդալյանին:
Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից ջենտլմենական փաստաթղթի ստորագրման առաջարկին և որոշ ընդդիմադիրների` տվյալ հարցի վերաբերյալ արձագանքին` Բաղդասարյանն ասաց. «Ես դեմ չեմ ջենտլմենական պայմանագրին: Ընդդիմությունն ասում է` իշխանությունը պետք է նման պայմանագիր կնքի, քանի որ ձեր ասած ընդդիմադիր գործիչները ոչ մի բանի կարիք չունեն, որովհետև նրանք գիտեն, որ անգամ ակնկալիք չունեն, որ կհայտնվեն Ազգային ժողովում: Ինձ թվում է, որ այդ ջենտլմենական պայմանագիրն իրենք դեռ 90-ականներին պետք է կնքեին»: