կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 17:04
Քաղաքական

Ջենտլմենական պայմանավորվածություններ

Ջենտլմենական պայմանավորվածություններ

Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկ ստանար Ռուսաստանից՝ սպառազինություն, մասնավորապես` անօդաչուների դեմ պայքարելու նպատակով սարքավորումներ ստանալու համար: Սակայն վարկը անհասկանալի պատճառներով ուշացել է:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ  ֆինանսա-վարկային հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է օրեր առաջ ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպման ժամանակ: Վարկը վավերացված է, սպասում են, թե երբ պետք է այն տրամադրվի:

Հարցին, թե ինչի՞ հետ է կապված վարկի տրամադրման ուշացումը, պատգամավորը պատասխանեց, որ չունի տեղեկատվություն և չգիտի հարցի պատասխանը:

«Արդյո՞ք այս քառօրյա պատերազմից ու այսքան զոհեր ունենալուց հետո իսկապես ուշացած չէ վարկի տրամադրումը Ռուսաստանի կողմից» հարցին Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ ցանկալի կլիներ, իհարկե, որ վարկը շուտ տրամադրվեր, պարզապես ոչ ոք չի իմացել, որ Ադրբեջանը հանկարծակի նախահարձակ կլինի:

ՀՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ հայկական կողմը զիջել է հակառակորդին` զենքի առումով: «Բացառությամբ երկու-երեք զինատեսակների, որոնք նրանք իրավունք չունեին կիրառելու, մենք նրանց մնացած ամեն ինչում չենք զիջել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Ռուսաստանը միշտ հավաստիացնում էր Հայաստանին, որ ջենտլմենական պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանը որոշ զինատեսակներ չի կիրառելու, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Դե, այդ ջենտլմենական պայմանավորվածությամբ էլ պետք է պահանջենք Ռուսաստանից, որ նրանք էլ Ադրբեջանից պահանջեն կատարել պայմանավորվածությունը»: