Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, պատասխանելով հարցին, թե Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցումից առաջ ՀՀԿ-ն բանակցություններ սկսելու կամ հնին վերադառնալու կոչով հանդես կգա՞, մանավանդ այն պարագայում, որ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ էր անում չթաղել կոնսենսուսը և հույս էր հայտնում, որ այն դեռ կկայանա, նախ ձև արեց, թե չի հասկանում` Զուրաբյանն ինչ կոչ է արել, ապա ասաց. «Ինքը դեռ չի կայացել, ես որքան հասկացա 98 ձայն էր: Դա ինքնըստինքյան նշանակում է կոնսենսուս, իսկ առանձին քաղաքական գործիչների կարծիքների հետ ես չեմ պատրաստվում հաշվի նստել: Եթե խոսենք մի լուրջ քաղաքական ֆրակցիայի անունից, կա՞ր այդպիսի բան, որ նրանք չեն քվեարկել կողմ, կարո՞ղ եք նշել նմանատիպ ֆրակցիա»:
Բաղդասարյանի խոսքով`առաջին ընթերցումն անցել է և առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կշարունակվեն քննարկումները և բանակցությունները: «Ինձ թվում է` առաջարկությունների քննարկման արդյուքում հնարավոր է, որ կողմերի քանակն ավելանա: Դա արդեն իսկ նշանակում է, որ այդ քաղաքական գործիչները, ովքեր կառուցողական մոտեցում կցուցաբերեն, կնկատեն դրականը, հնարավոր է հասկական, որ այս Ընտրական օրենսգիրքը ոչ թե մեկ քայլ է առաջ, այլ բավականին առաջընթաց է ընտրական համակարգում»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ ինքն այդքան էլ մեծ ակնկալիք չի ունեցել 4+4+4 ձևաչափից: «Այն մարդիկ, ովքեր պետք է մասնակցեին այդ ֆորմատին, եթե ԸՕ-ն իրենք գրած լինեին, և մենք ընդունեինք, միևնույն է` իրենք դեմ կլինեին: Այդ մարդիկ չեն ցանկանում դրականը նկատել, իրենք պարզապես պատրվակ են ման գալիս: Իրենք իրենց հնարավորությունները հաշվել են, իրենց ռեսուրսներն արդեն գիտեն, և ոչ թե հաղթանակելու, այլ հաղթանակի նշույլ անգամ նրանց հաշվարկների մեջ չկա: Նրանք պետք է ցանկանան խարխլել, քննադատել, որ ընտրություններից հետո մնան արենայում»,- եզրափակեց Բաղդասարյանը: