կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-28 14:15
Քաղաքական

Ընտրակաշառքը պետք է բացառել

Ընտրակաշառքը պետք է բացառել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան,

Ընտրական օրենսգրքի վրա մենք սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո:

Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկություներ ներկայացրել: Այդ արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակը եղել է հնարավորության սահմաններում նախնական տարբերակը բարեփոխելը: Մաքսիմալիստական, այսինքն անիրականալի պահանջներ չենք դրել:

Աշխատել ենք փաստարկ-հիմնավորումներով: Որոշակի արդյունքների հասել ենք: Մեր առաջարկությամբ ամրագրվել է ընդդիմության՝ խորհրդարանում առնվազն մեկ երրորդ ձայներ ունենալու հնարավորությունը, ինչը Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները առարկայական Առաջարկվում էր, որ եթե մի կուսակցություն առաջին փուլում 40 տոկոս է հավաքում, ապա իրավունք ունենա թույլ չտալ մյուսներին կոալիցիա կազմել և միանգամից պահանջել երկրորդ փուլ: Այսօր այդ դրույթը չկա: Գյումրիի և Վանաձորի համար նախատեսվում էր 6 և 8 տոկոսների արգելապատնեշ: Դարձրել ենք 5 և 7 տոկոս: Առաջարկել ենք ընտրողի ինքնության ստուգումը և գրանցումը կազմակերպել անհատական «բիոմետրիկ» տվյալների հիման վրա՝ անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով: Ոչ ամբողջական, գուցե, բայց ընդունվել է: Ընտրություններին մասնակցած անձանց անունների հրապակման նաև մեր պահանջը ինչ-որ մի՝ և խնդիրը լուծող տարբերակով ընդունվել է:

Առաջարկել ենք վարկանիշային քվեարկության պարագայում տարածքային ցուցակներում ներգրավվելիք թեկնածուների թիվը 10.000 ընտրող՝ մեկ թեկնածուի փոխարեն դարձնել 20.000 ընտրող՝ մեկ թեկնածու:

Այսօր ամրագրված է 15.000-ը: Նաև մեր առաջարկությամբ՝ ընդլայնվել են դիտորդների, վստահված անձերի, լրագրողների իրավունքները: Խստացվել է ընտրական հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության աստիճանը: Կան նաև մասնակի այլ բարեփոխումներ: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դարձյալ մի շարք հիմնավոր առաջարկություններ կանենք:

Այո, մեր ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել: Բայց մենք այդպիսի պատրանքներ չենք էլ ունեցել: Բնական է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ նաև իր շահերով էր առաջնորդվելու: Ամեն դեպքում, կարծում եմ, աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելն ու մերժողական կեցվածք ընդունելը: Այդպիսիներն այսօր նոր Սահմանադրությամբ են առաջնորդվում, վաղն էլ նոր ընտրական օրենսգրքով են մասնակցելու ընտրությունների: Մեկ բան մեզ համար ակնհայտ է. նոր Սահմանադրությունից բխող նոր ընտրական օրենսգիրքը ընտրական համակարգի հանդեպ հանրության գերակշիռ մասի գրեթե զրոյական վստահությունը էապես մեծացնելու հնարավորություն տալիս է:

Բայց սա ամենը չէ: Կա հանրահայտ ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով, և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ: Մեզ համար այս առումով հիմնարար հարցեր են մնում վարչական ռեսուրսի անսահման չարաշահումը և ընտրակաշառքը: Որևէ օրենք կոռուպցիան, ընտրակաշառքը չի բացառելու:

Այստեղ այլ լուծում է պետք: Եվ ես այսօր՝ 2016 թվականի ապրիլի 28-ին Դաշնակցության անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ոչ իրենք, ոչ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու:

Նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանում: Կարծում եմ՝ սա կլինի պատասխանատու, համարժեք դիրքորոշում երկրի դիմագրավածմարտահրավերներին: Կլինի մեր երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման: Անկախության սերնդի, այսօր մեր Հայրենիքի սահմանը պաշտպանող, թիկունքն ապահովող սերնդի առաջ մենք պարտք ունենք՝ թույլ տալ, որ նրանք ազատ ընտրությունների միջոցով կառուցեն ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան: