Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գետահովտցին, որը պատմում է Իջեւանից Ռուսաստան մեկնող 6 ավտոբուսների մասին, զարմացած հարցնում է՝ ու՞ր են գնում։ Ինքը Իջեւանից ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Նրա զարմանքն իհարկե անտեղյակությունից չէ: Նրա զարմանքը հարց է ուղղված իշխանություններին՝ էս ինչո՞վ եք զբաղված: Կամ ինչու՞ անձամբ չեք ճանապարհում էդ մարդկանց՝ նվագախմբով, բանով: Իջեւանցին հո երկրի համար դարդ չի անում: Եվ ոչ էլ այդ մարդկանց համար սպասվելիք հնարավոր անորոշության: Ինքը նրանցից հետո լինելիք Հայաստանն է ուզում պատկերացնել, որտեղ ինքը կա, իսկ իր հայրենակիցները չկան: Ինքը ընդհանրապես ուզում է ամբողջական մի ապագա՝ կամ ինքը նրանց հետ, կամ նրանք իր հետ: Իջեւանցին խճճվել է մեն մի հարցի մեջ՝ ու՞ր են գնում: Այսինքն, խճճվել է ոչ թե պատասխանը չիմանալով, այլ հնարավոր բոլոր պատասխաններով չբավարարվելով:
Պարզ է, որ այդ մարդիկ գնում են Ռուսաստան։ Ուրիշ ու՞ր գնան ավտոբուսով։ Վրաստան չեն կարող, անկանխատեսելի երկիր է, պարզ չէ, թե Վրաստանն ում հետ է լավ, ում հետ է վատ։ Իրան չեն կարող գնալ, ով գիտի, թե դեռ ինչ փորձանքներ են գալու նրանց գլխին։ Ադրբեջան արդեն պարզ է, թե ինչու չեն կարող գնալ։ Մոտավորապես նույն պատճառով Թուրքիա չեն կարող գնալ, բայց գնալ-գալ կարող են։ Ուստի գնում են Ռուսաստան։ Նախ սրանք էլ «Արի տուն» ծրագրի նման մի բան ունեն։ Սկզբից ընդունում են ընտանիքի անդամներից մեկին խոպանչու կարգավիճակով, հետո սրան թույլ են տալիս բերել ընտանիքին։ Դեմոգրաֆիական հարց են լուծում։ Ամբողջ անկախության ընթացքում այդպես էլ Ռուսաստանի բնակչությունը խելքը գլխին չաճեց։ Իսկ երբ չի աճում երկրի բնակչությունը, այն ծերանում է։ Երբ լիճը միշտ նույն մակարդակին է, մի օր կարող է ճահճանալ։ Ռուսաստան են գնում, որովհետեւ հնարավորությունների երկիր է, աչքդ որ կողմը թեքում ես, աշխատանք կա, երկիր է, որտեղ արեւելյան աշխատասիրությունը կարող է լոկալ տնտեսական հրաշքներ գործել, երկիր է, որտեղ քո՝ հայիդ, հանդեպ անիրավությունները կարող ես մարսել, որովհետեւ քո հայրենակիցները չեն նվաստացնում, երկիր է, որը Հայրենիք չէ, հետեւաբար պայմանականություններ չի թելադրում։ Երկիր է, որը կարող է բարձրացնել գազի գինը Հայաստանում, բայց ոչ՝ Ռուսաստանում։
Ըստ այդմ, մարդիկ գնում են այնտեղ։ Որովհետեւ թանկությունն այնտեղից է գալիս։ Փախչելով թանկությունից, գնում են թանկության օջախ։ Գնում են այնտեղ, որտեղ իրենց կարող են զգալ որպես գազի գին թելադրող, ոչ թե գազի գնից փախչող: Գնում են, որովհետեւ չեն ուզում իշխանությունների անզորության գերին լինել, ուզում են իշխանության հզորության տերը լինել: Պուտինի հետ են ուզում թելադրել գազի գինը կարեւոր չէ, թե որ երկրին: Եվ չեն ուզում Սերժ Սարգսյանի կամ Սահակաշվիլու անզորությունն ունենալ ու չիմանալ թե ինչով մխիթարել սեփական քաղաքացիներին կամ մխիթարվել: Մարդիկ Ռուսաստան են գնում, որովհետեւ տեսնում են, որ իրենք փոքր են, համարյա երեխա, իսկ ոսկու մեջ լողացող ծնողն այդ երեխայի գլխին լոլո է կարդում, թե ինչու չի կարող մի կտոր հաց գնել: Մարդիկ հո տեսնում են, որ եփած հավի հումորի զգացումը շոշափող փաստ է 29 հազար քառակուսի կիլոմետրանոց երկրի աղքատությունը: Դա չլինող բան է, աղքատ լինում են մի երկրում, որտեղ իշխանությունը մի դիտակետ ունի, որն ինքն է: Աղքատ լինում են մի երկրում, որը բոլոր ուղղություններով քայլելու ազատություն է տալիս մարդկանց անհնար դարձնելով տան ճամփան: Աղքատ լինում են միայն այն երկրում, որտեղ երեխան հավաքագրվում է «Ապահով Հայաստանին»: Աղքատ լինում են մի երկրում, որտեղ ընտրակաշառքը «նաղդ» է, իսկ աշխատավարձը՝ «նիսյա»:
Սեյրան Հանոյան