կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 18:18
Քաղաքական

ԱԺ-ում 4+4+4 ձեւաչափով հանդիպումը քիչ էր մնում` տապալվեր

ԱԺ-ում 4+4+4 ձեւաչափով հանդիպումը քիչ էր մնում` տապալվեր

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում նախատեսված էր 4+4+4 ֆորմատով հանդիպում` ԸՕ նախագծի քննարկման նպատակով, այսինքն` մասնակցելու էին չորս ներկայացուցիչ ընդդիմադիր խմբակցություններից, չորս ներկայացուցիչ իշխանություններից, չորսն էլ` ՀԿ-ներից: Սակայն այն տապալվեց, որովհետև նախատեսված ժամին չորս ՀԿ-ները չէին ներկայացել հանդիպմանը: Ավելի կոնկրետ՝ նրանք գտնվում էին ԱԺ անցագրային բաժնում. վերահսկողական ծառայությունը ՀԿ ներկայացուցիչներից պահանջել էր թողնել անձնագրերը, իսկ նրանք հրաժարվել էին: Մինչդեռ մի քանի օր առաջ նույն ՀԿ-ների ներկայացուցիչները անձնագրերը թողնելով էին մտել ԱԺ:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը և այլք:

Նախ` Լևոն Զուրաբյանը հեռախոսով երկար խոսում էր այդ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, փորձում էր համոզել կամ հարթել ստեղծված անհարմար իրավիճակը, սակայն ժամանակը ձգվում էր, իսկ խնդիրը չէր լուծվում:

Դա հարուցեց նախ` Դավիթ Հարությունյանի, ապա` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի զայրույթը, նրանք հեռացան դահլիճից` ասելով, որ այս ամենը շատ անլուրջ է: Դավիթ Հարությունյանը կատակեց, թե մի չորսը մյուս չորսերի հետ կոնսենսուսի չեկավ: Հերթով դահլիճը լքեցին մյուս պատգամավորները ևս:

Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ-ի քննակումը շատ ավելի լուրջ գործընթաց էր, քան ԱԺ մուտք գործելու կանոնակարգին ընդդիմանալը:

Վերջիվերջո, հանդիպումը սկսվեց` ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: